Միլիումների կամ սպիտակ ճարպագնդերի առաջացման պատճառներն ու բուժման մեթոդները բժիշկ-էսթետիստից
Միլիումը մաշկաբան-կոսմետոլոգին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է: Խնդրի առաջացման պատճառների, բուժման և այլ նրբությունների մասին Panorama․am-ը զրուցել է բժիշկ-էսթետիստ Ինեսա Նշանյանի հետ։
Panorama.am- Ինչու՞ են մաշկի վրա ի հայտ գալիս ճարպագնդեր։
Էսթետիստ- Միլիումը (սպիտակ կորյակ կամ ճարպագունդ) մաշկի վրա սպիտակավուն երանգի գոյացություն է, չափերը՝ մի քանի միլիմետր, որպես կանոն, խիտ պարունակությամբ: Դրանք ի հայտ են գալիս եղջերացած թեփուկների կուտակման, միախառնված մաշկային ճարպի և այս զանգվածի շուրջը բարակ թաղանթ առաջանալու պատճառով: Շերտազատման գործընթացի խանգարման և գերճարպարտադրության դեպքում տեղի է ունենում կորյակների առաջացում:
Panorama.am –Մարմնի ո՞ր հատվածներում են հիմնականում տեղակայվում ճարպագնդերը։
Էսթետիստ- Միլիումներն առաջանում են հարակնային, վերին կոպերի, այտերի, ոչ հաճախ այտոսկրերի, ճակատի, պարանոցի և շատ հազվադեպ մարմնի այլ մասերում (սեռական օրգաններ, իրան): Այս կորյակներն ունեն առաջացման տարբեր պատճառներ և կարող են առաջանալ ինչպես մաքուր, այնպես էլ վնասված մաշկի վրա (քերծվածքներ, կապտուկներ, այրվածքներ): Դրանք չեն վնասում օրգանիզմը, բայց եթե անհարմարություն են պատճառում, ապա դրանցից կարելի է ազատվել՝ դիմելով մաշկաբան-կոսմետոլոգի:
Panorama.am-Ո՞ր տարիքում է առաջանում մաշկի այս խնդիրը։
Էսթետիստ-Այն կարող է հայտնվել ցանկացած տարիքում, նույնիսկ նորածինների մոտ: Միլիումների առաջացման մեխանիզմը հաստատված է, սակայն նրանց ծագման պատճառները դեռևս պարզ չեն:
Panorama.am- Ո՞ր գործոններն են նպաստում սպիտակ կորյակների առաջացմանը։
Էսթետիստ-Առաջինը պետք է նշել ժառանգական նախատրամադրվածությունը։ Միլիումների առաջացման պատճառներից մեկը կարելի է համարել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, ինչպես և վահանաձև գեղձի կամ ենթաստամոքսային գեղձի խանգարումները:
Անբավարար կամ ոչ պատշաճ կերպով ընտրված մաշկի խնամքը ևս կարող է նպաստել միլիումների առաջացմանը, հատկապես, եթե մաշկը հակված է յուղոտության:
Դեմքի վրա միլիումները կարող են առաջանալ նաև հորմոնալ խանգարումների պատճառով: Սպիտակ կորյակների առաջացմանը կարող է հանգեցնել նաև ոչ առողջ սնունդը, եթե սննդակարգում գերակշռում են յուղային կերակուրները։
Panorama.am-Ինչպե՞ս բուժել խնդիրը։
Էսթետիստ-Բուժման մեթոդները բազմազան են՝ մեխանիկական մեթոդ, էլեկտրոկոագուլիացիա, կյուրետաժ, լազերային կոագուլիացիա:
Միլիումների հեռացման ամենաարդյունավետ, անվնաս և սակավ տրավմատիկ միջամտությունը մոնոպոլյար RF + է՝ մեկանգամյա օգտագործման մասնակի մեկուսացված ասեղների միջոցով ճարպագեղձի քայքայումը։
Panorama.am-Կարելի՞ է արդյոք տնային պայմաններում փորձել բուժել կորյակները։
Էսթետիստ-Բուժման հիմնական մեթոդը միլիումների պարունակության բացումն ու մաքրումն է։ Տնային պայմաններում գրեթե անհնար է ազատվել միլիումներից: Մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել։ Տնային պայմաններում կատարման դեպքում վարակի նեթափանցման կամ սպի ձեռք բերելու հավանականությունը շատ մեծ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները