Ամռան շոգին ինչպես պաշտպանել երեխաներին ջրազրկվելուց
Երեխաների կողմից այնքան սպասված ու ուրախ ամառային արձակուրդները միաժամանակ արևահարման և կամ ջրազրկման զարգացման բարձր ռիսկ պարունակող ժամանակահատված են։
Ուստի շատ կարևոր է իմանալ երեխաներին արևից պաշտպանելու մեթոդները, ինչպիսիք են՝
.Կեսօրյա ուժեղ ու վնասակար արևի ժամերին հնարավորինս խուսափել ճառագայթների անմիջական ազդեցությունից, ինչի համար ցանկալի է մնալ տանը և կամ գտնվել ստվերաշատ վայրերում (ծառերի ներքո, անձրևանոցի տակ)
.Երեխաներին հագցնել երկարաթև, բամբակյա, ազատ ոճի հագուստ՝ պաշտպանելով մարմնի բաց տեղամասերը
.Լայն երիզով գլխարկ կրել, որպեսզի ծածկվեն գլուխը, պարանոցն ու ականջները (ինչը հատկապես կարևոր է կարճ մազերով փոքրիկների պարագայում)
.Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են արևի ՈւՄ ճառագայթներից պաշտպանող ակնոց կրել (գնելիս ուշադրություն դարձրեք տոկոսին՝ 97-100% UV protection)
.Եվ վերջապես՝ արևապաշտպան քսուկներ կիրառել (նվազագույնը 15 SPF), քսել նախապես՝ տանից դուրս գալուց 30ր առաջ, թարմացնել յուրաքանչյուր 2ժ մեկ։
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ Աննա Մխիթարյանի խոսքով` նախքան արևապաշտպան քսուկի ամբողջական կիրառումը ցանկալի է փոքրիկ չափաքանակով փորձ կատարել մաշկի սահմանափակ հատվածի վրա ալերգիկ ռեակցիան ստուգելու նպատակով։
Բացի այդ՝ մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ չի տալիս կիրառել արևապաշտպան քսուկները մինչև 6 ամսական երեխաների շրջանում։ Եթե ամեն դեպքում արևի տակ գտնվելն անխուսափելի է լինելու, ապա քսել բարակ շերտով, այն էլ՝ դեմքին և ձեռքերին։
. Բժիշկը խորհուրդ է տալիս, չմոռանալ նաև օրվա պահանջին համապատասխան հեղուկների քանակը ապահովելու մասին։
Իսկ որ պայմաններում է պետք ահազանգել.
.Մաշկային ծածկույթների տարածուն բնույթի կարմրություն, չորություն, այտուց կամ բշտիկների առաջացում
.Ջերմության զգալի բարձրացում, դող
.Սրտխառնոց, փսխում, գլխացավ
.Թուլություն, գիտակցության մթագնում
.Աչքերի ցավ, տեսողության խանգարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան