Ավանեսյան. Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, կենսունակությունն անչափ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի վերջին` 4-րդ օրը նվիրված էր Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի որդեգրած ռազմավարությունների, դրանց իրագործման ընթացքում ծագող խնդիրների, արդեն կայացած և մինչև 2025 թվականը նախանշված ծրագրերի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հստակ ուղիների քննարկմանը։
«Հաշվի առնելով մեր ժողովրդագրական տվյալները` մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, կենսունակությունն անչափ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, և մեր բոլոր բարփոխումների ու ծրագրերի հիմքում հենց այս սկզբունքն է»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը։
Նախարարության փոխանցմամբ, նա խոսել է առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների, հանրային առողջության` ծխախոտի, աղի ավելցուկային օգտագործման դեմ պայքարի, առողջ ապրելակերպի արշավների, ինչպես նաև Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման մասին»` ընդգծելով, որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց քաղաքական կամքը հստակ է, բարեփոխումներն` անխուսափելի։
«Մարտահրավերները շատ են ու հաճախ անկանխատեսելի, բայց համակարգային բարեփոխումները սպասել չեն կարող»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` շեշտելով, որ Հայաստանը հիմա ոչ թե օժանդակության կարիք ունի, այլ համագործակցության` միասին գիտագործնական և հետազոտական ծրագրեր իրագործելու։
Համաժողովին տեսակապով միացել են Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, Արցախի Հանրապետական և մանկական հիվանդանոցների տնօրենները։
Նրանք ներկայացրել են շրջափակման հետևանքով Արցախի առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես խոսել մասնագիտական ռեսուրսի, դեղորայքի, բժշկական սարքերի խիստ սղությունից։
Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է Հայաստանի հետ համատեղ իրագործվող ծրագրերից, նշել, որ Սփյուռքը ամբողջ ներուժով միշտ Արցախի և Հայաստանի կողքին է` համոզմունքով, որ միասին կարող ենք ավելին։
ԱՆ-ից նշում են, որ հուլիսի 5-ից 8-ը Երևանում անցկացվող Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն այսօր ավարտում է աշխատանքները` հստակ ուրվագծած ունենալով նոր ծրագրեր, որոնք աշխարհի հայ բժիշկների ու բժշկական խոշորագույն կազմակերպությունների ջանքերով պետք է իրականանան` ավելի ամուր դարձնելով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը։