«Հրապարակ». Ի՞նչու է ՔՊ-ն արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, թե ինչու է ՔՊ-ն խաչակրաց արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ, որն «Ապրելու երկիր» կուսակցությունից է։ Նաեւ՝ որ համայնքապետարանում ստուգումները սկսվել են Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի` Ալավերդի կատարած այցից հետո, երբ Թամազյանը հրաժարվել է ուղեկցել ՔՊ-ի թիմին։ Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով ընտրություններում իշխանության թեկնածուն էր, բայց պարտվեց, Թամազյանի հետ շատ լարված հարաբերություններ ունի։ Իսկ մարզպետն Ալավերդի շրջայցի է գնացել Արենի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ: Այդ պատճառով է համայնքի ղեկավարը հրաժարվել շրջայցին մասնակցել: Եվ քանի որ այս իշխանությունը քրեական հետապնդումից բացի այլ գործիքակազմ չունի, մարզպետն անմիջապես ստուգումներ է նախաձեռնել Ալավերդիում, եւ սկսվել է նրա նկատմամբ արշավը։
Երեկ տեղեկացանք, որ շրջայցի օրը Թամազյանը մի հարված էլ է հասցրել Արամ Խաչատրյանին։ Ալավերդուց վերադառնալուց հետո նույն գիշեր մարզպետը զանգահարել է քաղաքապետին եւ խնդրել համայնքի տարածքներից մեկն առաջիկա օրերին տրամադրել, որ կուսակցական ժողով անցկացնի։ Թամազյանն ասել է, որ դրա համար սահմանված ընթացակարգ կա. առաջարկել է դիմել, կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Սա խոցել է ՔՊ-ական բդեշխի ինքնասիրությունը:
«Օրենքով սահմանված կարգ գոյություն ունի, նախ պետք է դիմել համայնքին՝ ցանկացած միջոցառում անցկացնելու համար, դրանից հետո քննարկվում է, եթե հնարավոր է տրամադրել, տրամադրվում է, ոչ` ապա մերժվում է։ Որեւիցե մեկը՝ կլինի մարզպետ, համայնքի ղեկավար կամ անհայտ քաղաքացի, օրենքից դուրս չէ։ Ինքը դրանից նեղվեց, դրանից հետո կուսակցական ժողով արեցին դպրոցում, դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է»,- մեր տեղեկությունը հաստատեց Արկադի Թամազյանը»։
«Փաստ» թերթն այս թեմայով գրում է.
«Երեկ օրվա ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկություններ էինք ստանում, որ երկու օր առաջ հերթական «պատմության» մեջ է ընկել Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Ըստ տարբեր աղբյուրների, նա եղել է ծեծկռտուքի մասնակից: Ավելին, կային տեղեկություններ, որ միջադեպը իրավապահների կողմից գրանցված է, նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքը Շնողի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանի մասին է: Ի դեպ, նրա վերաբերյալ ԶԼՄներում մի շարք աղմկոտ հրապարակումներ կան՝ անտառահատումների, համագյուղացուն ծեծի ենթարկելու, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված և այլն:
2019 թվականին նույնիսկ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և միայն չորս տարի անց՝ այս տարվա մայիսին, արդեն ՔՊ խմբակցության ղեկավարի կարգավիճակ ունեցող Ղումաշյանը դաատրանի վճռով արդարացվել էր՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Փաստ» թերթը դիմեց Դավիթ Ղումաշյանին՝ ճշտելու՝ որքանով են հավաստի ծեծկռտուքի մասին նշյալ տեղեկությունները:
Նա մեր լրագրողի հետ հեռախոսազրույցում ասաց. «Տեղեկություններ չունեմ, թե ինչի մասին է խոսքը, որևէ վեճի կամ կռվի չեմ մասնակցել»: Դիմեցինք նաև ՆԳՆ՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք նման որևէ միջադեպ գրանցված է ոստիկանությունում: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց. «Ոստիկանության Ալավերդու բաժնում նման հաղորդում, ահազանգ չի ստացվել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին