ՄԻՊ. Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ , որտեղ ասված է.
«Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։
Այս առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։
Այս գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:
Զինծառայողները գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։
Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքից առևանգված զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվեցին 11.5 տարվա ազատազրկման
- «Հաց բերող երբ ասեք, այս տղաներին հիշեք»
- Սումգայիթում դատում են Սյունիքից առևանգած զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան