Ռուբեն Վարդանյան. Վերջին 7 ամիսներին ես չեմ տեսել իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս, բայց դա հերոսություն չէ
6-րդ միջազգային բժշկական համագումարին այսօր ելույթ է ունեցել Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Երևանում ընթացող միջոցառմանը նա միացել է առցանց։
խոսել է նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք ընդգրկում են նաև առողջապահության ու ենթակառուցվածքների ոլորտները. «Մենք հասկանում ենք, որ պայքարը կարող է երկարատև լինել։ Դրա համար փորձում ենք առողջապահության ոլորտում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն դեղորայքի ու բուժման ապահովմանն են ուղղված, այլ նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի դրանք աշխատեն առանց խափանումների։ Այդպիսին է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագիրը, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից»:
Նա կարևորել է համագումարի մասնակից բժիշկների ներգրավվածությունն ու աջակցությունը՝ նշելով, որ շրջափակումը թեև անհնար է դարձրել ֆիզիկապես գալն ու տեղում օգնություն ցուցաբերելը, բայց դա հնարավոր է անել առցանց՝ թե՛ կրթության, թե՛ խորհրդատվության, թե՛ փորձագիտության ոլորտներում։
Այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել անտարբեր չլինելը. «Վտանգավոր է, երբ չենք հավատում, որ այս իրավիճակում յուրաքանչյուրիցս ինչ-որ բան կախված է, չենք հավատում, որ ամեն մեկիս քայլերը շատ կարևոր են մարդկանց համար։
Ես վստահ եմ, որ ինչ արել եմ, որոշելով իմ համար շատ դժվար բան, որովհետեւ ես չեմ տեսել վերջին 7 ամիսներին իմ ընտանիքը, իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս, ընկերներիս:
Իմ՝ Արցախ գալու մեջ ոչ մի հերոսություն չկա, դա նորմալ է։ Խնդիրն էլ հենց այն է, որ մենք նորմալ երևույթներից զարմանում ենք։ Եթե քո մեջ չկա զգացողություն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է, և դու պարտավոր ես անել այն, ինչ, որպես զինվոր կարող ես հայրենիքիդ համար անել, ուրեմն դա լուրջ հիվանդության նշան է: Դուք՝ որպես տարբեր երկրներից եկած հաջողված բժիշկներ, պետք է հասկանաք մի բան՝ մենք Հայրենական պատերազմի մեջ գտնվող ազգ ու պետություն ենք, որտեղ կան նաև մարդիկ, որոնք փորձում են մեզ ոչնչացնել ներսից՝ թիրախավորելով մեր արժեքներն ու սկզբունքները։
Մենք մեր անցած ճանապարհ հետ կապված հիասթափություն և հուսահատություն ունենք, բայց մենք երբեք չպետք է հանձնվենք։ Մենք դրա իրավունքը չունենք, որովհետև պարտավորություն ունենք անցած սերունդների և այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց կյանքը զոհել են մեր հայրենիքի համար, մենք պարտավորված ենք այն երեսուն հազար երեխաների համար, որոնք մեծանում են այստեղ։ Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց ապագան կլինի այստեղ՝ երջանիկ, հաջողված, ազատ ու հայկական Արցախում»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ավանեսյան. Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, կենսունակությունն անչափ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից
- Հայկական աշխարհը ոչ լիովին է հասկանում իրավիճակը և փորձում օգնել Արցախին. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան