Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների` ուղեկցությամբ համագումարի պատվավոր նախագահ բ. գ. դ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի։ Հանդիպմանը, Արա Բաբլոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով համագումարի մասնակիցներին, տեղեկություններ է փոխանցել համագումարի աշխատանքների և արձանագրված արդյուքների մասին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Պրոֆեսոր Բաբլոյանն ընդգծել է, որ համագումարին հեռավար կերպով իրենց գործուն մասնակցությունն են բերել նաև Արցախի բժիշկները՝ անդրադարձ կատարելով Արցախում առկա հումանիտար ճգնաժամին։
Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ հայ բժիշկների մեկտեղումը Հայրենիքում, որով իրենց կարևոր նպաստն են բերում Հայաստանում առողջապահության զարգացման գործին։ Հայոց Հովվապետը գովելի և խրախուսելի նկատել է նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը՝ ի նպաստ հայրենիքում առողջապահական նոր մշակույթի ձևավորման և բժշկագիտության զարգացման։
Անդրադառնալով Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ու առողջապահական ճգնաժամին՝ Հայոց Հայրապետը կարևորել է սփյուռքահայ բժիշկների հետևողական աշխատանքն իրենց երկրներում գործող բժիշկների հետ համախումբ պաշտպանելու Արցախում ապրող հայորդիների անվտանգ կյանքի և ազատ ու անկախ ապրելու իրավունքը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համագումարի մասնակից բժիշկների առաքելությանը մաղթել է բարի արդյունավորում՝ պատգամելով ամենօրյա գործունեության ընթացքում առաջնային տեղ հատկացնել հայրենիքի առաջ ծառացած գոյաբանական ու անվտանգային խնդիրների և մարտահրավերների հաղթահարմանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում