Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է պատմում Մարտունիի միջադեպի մասին
«ՀայաՔվե» նախաձեռնության Մարտունու համակարգող Նաիրի Հոխիկյանն ահազանգում է սադրանքների մասին։
«Մարտունիում ստորագրահավաք ենք անցկացնում։ Առավոտյան մի քանի հոգի եկան՝ սպառնալով, պահանջելով հավաքվել-գնալ, հակառակ դեպքում իրենք ստիպողաբար կհեռացնեն, թույլ չեն տա, որ ստորագրահավաք իրականացվի։ Ի դեպ ասեմ, որ Մարտունին առաջին երկու օրը ստորագրահավաքի մասնակցության բարձր ցուցանիշներ է ցույց տվել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, հասարակական գործիչ Հոխիկյանը։
Նա մանրամասնեց, որ «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետը տեղակայված է քաղաքի մշակույթի տան տարածքում։ Շենքից 50-60 մետր այն կողմ մի քանի տղամարդ են կանգնած, մարդկանց ապակողմնորոշում են ու չեն թողնում մասնակցել ստորագրահավաքին։
«Ես չեմ ճանաչում այդ մարդկանց, ոստիկանություն հրավիրեցինք, իրենք ասացին՝ ճանաչում են, ֆիքսել են, իրենց մասին ինֆորմացիան արձանագրել են։ Փորձ է եղել քաշքշոցի, ես թույլ չեմ տվել։ Որպես այդպիսին ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, բայց չեմ տրվել սադրանքին։ Եղել է անձնական վիրավորանք, հայհոյանք»,-նշեց Հոխիկյանը։
Նրա խոսքով, չնայած ոստիկանության աշխատակիցները խոստացել են, որ այդ մարդիկ այսուհետ տարածքում չեն մնա, սակայն զրույցի պահին էլ մշակույթի տան մոտակայքում էին։ Ահազանգով դեպքի վայր եկած ոստիկանները տեղեկանք են կազմել, սադրանքի փորձ է եղել, Հոխիկյանը դրան չի տրվել։ Նրանց ճանաչողները պատմել են, որ այդ տղամարդիկ աշխատում են ՔՊ-ի համար։
«Դա երևում է նաև նրանց բառապաշարից։ Կռիվ են անում, թե չփորձեք մեր վարչապետի մասին վատ բաներ ասել, մենք մեր վարչապետին քննադատողների կոկորդները կկրծենք, ու նման բաներ։ Փորձում են վիրավորնանքներոց, սադրանքներով հունից հանել, որ ես գնամ սադրանքի։ Բայց չեմ գնացել։ Հստակ քաղաքական կողմնորոշում է, մարդկանց վրա ճնշումներ են գործադրվում։ Ստորագրահավաքի առաջին երկու օրերին նման բան չի եղել, բարձր ակտիվություն էր։ Կարծում եմ, դրանից են վախեցած։ Ամեն կերպ փորձ է արվում թույլ չտալ, որ մարդիկ մասնակցեն ստորագրահավաքին»,-ասաց Հոխիկյանը՝ ավելացնելով, որ դա մարտունեցիների ակտիվության վրա շատ քիչ է ազդել։
Հասարակական գործիչի խոսքով, ինքը զանգեր է ստանում տարբեր հաստատությունների աշխատակիցներից, որոնք հայտնում են՝ վերևներից իրենց արգելում են գնալ ու մասնակցել ստորագրահավաքին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ՀայաՔվե-ին միանալու ժամանակացույցը փոխվել է
- Լիազոր ներկայացուցիչ. «Հայաքվե»-ի ստորգրահավաքին գրեթե ամեն օր խոչընդոտում են Ավանում ու Մալաթիա-Սեբաստիայում
- Մեկ շաբաթում «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան