Թումանյան 39-ի բնակիչներն ահազանգում են՝ շենքի տանիքին ահռելի շինարարություն է սկսվել, շենքը վտանգված է
Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ շենքերի տանիքներին այլևս որևէ ապօրինի շինարարություն չպետք է տեղի ունենա:
«Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ շինթույլտվություն է տրված, իրավական վարչությանը հանձնարարում եմ՝ բոլոր թարմ մանսարդային շինթույլտվությունների հարցը քննարկել միգուցե քաղշինկոմիտեի հետ, որովհետև վստահ չեմ, որ այդ նոր կառուցվող մանսարդները վթարային իրավիճակներ չեն ստեղծում այն շենքների վրա, որոնք նոր չեն, հետևապես դիտարկենք նաև դրանց չեղարկման հարց»,- ասաց Ավինյանը։
Մինչ քաղաքապետարանում ընթանում էր նիստը ու Ավինյանը նման հայտարարություններ ու հանձնարակականներ էր տալիս, Panorama.am-ն ահազանգ ստացավ Թումանյան 39 հասցեի շենքի բնակիչներից՝ հինգ հարկանի շենքի տանիքը քանդել են ու մեծ շինություն են կառուցում, շենքը վտանգի տակ է։
«Մեր հարևանը խնդրել էր մեզ և շենքի մյուս բնակիչներին, որ ուզում է տանիքի տակ փոքրիկ մանսարդ կառուցել ու ստորագրություններ են պետք։ Մենք հավատացել ենք, տվել ենք մեր ստորագրությունները։ Սակայն խաբել է մեզ բոլորիս։ Իր կողքի հարևանին էլ է համոզել, նրա տարածքից էլ է վերցրել։ Տանիքն ամբողջությամբ քանդել է ու սկսել ահռելի մեծ շինարարություն։ Իր տան առաստաղն ամբողջությամբ քանդել է, 50 տոննայից ավելի բետոն է լցրել։ Շենքը մի ձևի թրջվել է, տեղեր կան, որ ճաքել են»,- մեզ հետ զրույցում պատմեց բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել անունը։
Շինարարություն իրականացնող բնակիչը հարևաններին ասել է, որ քաղաքապետարանից թույլտվություն ունի։
«Բայց ինչպես է ստացել, մեծ հարց է։ Որևէ մեկը չի եկել, չի այցելել այս տարածքը։ Շենքի ճարտարապետը Վարազդատ Հարությունյանն է, հենց այն ժամանակ ասել է, որ հիմքն ուժեղ չէ, հինգ հարկից ավելի չի կարելի։ Հիմա մեր շենքը վտանգի տակ է։ Սակայն այդ բնակիչը մեզ հետ չի խոսում, ոչ մեկիս հետ չի շփվում, արհամարհում է, անում է այն, ինչ ուզում է։ Իրեն այլանդակ է պահում։ Լացներս գալիս է»,- ասում է մեր զրուցակիցը։
Բնակիչները դիմել են քաղաքապետարան, թաղապետարան, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Միայն ինչ-որ տեղից ասել են, որ շինարարություն իրականացնող բնակիչը թույլտվություն ունի։
«Քանի ուշ չէ, պետք է կանգնեցնել այս շինարարությունը, տանիքը նորից դնել»,- ասաց ահազանգած բնակիչը։
Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ արդյո՞ք տրվել է հինգհարկանի շենքի վրա մանսարդի կառուցման թույլտվություն, եթե այո՝ հնարավո՞ր է բնակիչների բողոքները հիմք ընդունելով՝ չեղարկվի այն, քանի որ, ինչպես պնդում են, շենքը վտանգված է։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ շինթույլտվությունը տրվել է 2022 թվականի հոկտեմբերին երկու տարի ժամկետով։ Քանի որ այն համարվում է ընդհանուր օգտագործման տարածք, պետք է եղել բնակիչների համաձայնությունը։
«Այն բնակիչները, ովքեր հիմա բողոքում են շինարարությունից և դրանից բխող ենթադրյալ վնասներից, բոլորը համաձայնություն տվել են։ Այս պահի դրությամբ էլ շինարարական աշխատանքներն իրականացվում են»,- նշեց նա։
Հայկ Կոստանյանի փոխանցմամբ, օրենքի համաձայն, շինթույլտվությունը տալուց հետո քաղաքապետարանն այդտեղ այլևս գործառույթ չունի. «Եթե անգամ շինարարության հետ կապված խախտումներ կան, օրինակ, սահմանված նախագծին չի համապատասխանում և այլն, գործառույթ ունի իրականացնելու վարչապետին կից քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, իրենք պետք է արձանագրեն, եթե խախտումներ կան, ակտեր կազմեն, եթե շտկելու աշխատանքներ կան, շտկեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա