ԱԳՆ. Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին ձեռնարկել քայլեր՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը
Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշման վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։
Դատարանը միաձայն վերահաստատում է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:
Հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմամբ Դատարանը միաձայն հաստատում է, որ 2023թ․ փետրվարի 22-ի որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի նկատմամբ և որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է:
Կարևոր է նշել, որ Դատարանը համարել է, որ «կողմերի միջև լարված իրավիճակը հաստատում է սույն որոշման արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», որն ընդունվել է կանխելու էթնիկ հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, և որը միտումնավոր անտեսվել և մինչ օրս անտեսվում է Ադրբեջանի կողմից։
Այսպիսով, Դատարանը 2023թ. հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատում է Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկել առկա բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և, ըստ այդմ, անհապաղ դադարեցնել իր անցակետի գործունեությունը, քանի որ դա անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:
Կարող ենք արձանագրել, որ Դատարանի հուլիսի 6-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի` Դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ պնդումները կեղծ էին և մանիպուլացնող:
Կոչ ենք անում նաև միջազգային մյուս դերակատարներին, և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց, որ Ադրբեջանը չի կատարել իր որոշումը և պարտավոր է կատարել այն. Արտակ Բեգլարյան
- Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատելով է իր որոշումը՝ պարտավորեցնել Ադրբեջանին՝ ձեռնարկել միջոցներ երաշխավորելու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
- Ադրբեջանն այս ամեն ինչին լուրջ չի վերաբերվում, որովհետև տեսել է՝ Հաագայի դատարանի վճիռն է արհամարհել, ու դա իրենց ներվել է. Բեքարյան
- Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է. Նիկոլ Փաշինյան
- Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան