Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ավետիսյան դպրոցի միջև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի` «ԴասA» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ավետիսյան դպրոցում կիրականացնի երաժշտական դասընթացներ չորս փուլով, կկազմակերպվեն նաև աշակերտների այցելություններ դասական երաժշտության համերգների։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդմամբ, երաժիշտները կրթօջախի սաների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը, երաժշտական կազմը, գործիքակազմը, դիրիժորի աշխատանքը, համաշխարհային և հայ կոմպոզիտորների կյանքի մասին հետաքրքիր դրվագներ, դասական երաժշտության համերգների ժամանակ ընդունելի վարքականոնը: Աշակերտները հնարավորություն կստանան ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթանալ երաժշտական գործիքների հետ, ինչպես նաև նվագել: Իսկ համերգների ընթացքում կենդանի կատարմամբ կունկնդրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ելույթները:
«ԴասA» կրթամշակութային ծրագիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2018 թվականից։ Այն մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Ծրագրի շրջանակում 2023թ. նախատեսվում է այցելել 36 դպրոց. 30-ը՝ Երևանում, 6-ը՝ մարզերում։ Կազմակերպիչներն արդեն իսկ այցելել են Երևանի 16, մարզերի (Լոռու, Արմավիրի, Կոտայքի) 3 դպրոց: 7724 աշակերտ ներգրավված է եղել ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա