2024-ին կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման նախագծման աշխատանքներ
«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 11-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:
ԱԺ կայքից տեղեկանում են, որ, ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այդ հավելյալ 83 մլրդ դրամ գումարը կուղղվի կրթության ոլորտին: Կիրականացվեն մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ դպրոցաշինության ծրագիրը, որի համար նախատեսվել է 62.5 մլրդ դրամ, ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է 47 մլրդ դրամով: Նրա հավաստմամբ, խոսքը վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին. գումարը կուղղվի դպրոցների շինարարությանն ու գույքով ապահովմանը: Բոլոր հաստատությունների նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: 2024 թվականին «Ապահով դպրոց» ծրագրով 308 հաստատությունների նախագծային աշխատանքներ կկատարվեն: Ըստ նախարարի՝ հիմնովին կվերակառուցվի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին ու չափանիշներին:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կհասցնեն իրականացնել այդքան դպրոցների կառուցումը: Ի պատասխան նշվել է, որ այս տարի շահագործման կհանձնվի շուրջ 60 դպրոց, և ամեն ինչ կարվի, որ կյանքի կոչվեն նախատեսված ծրագրերը:
«Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ աշխատանքները կատարենք մինչեւ Կառավարության ծրագրի ավարտը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
Ըստ նրա, 30 մլրդ դրամով աճել է հանրակրթության ծրագրի ծավալը: Նշվել է նաև, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արտաքին աղբյուրների աջակցությամբ կստանան բնագիտական լաբորատորիաներ: Դպրոցական նոր դասագրքերի վերաբերյալ մրցույթն ամփոփման փուլում է: Արդեն հստակեցվել եւ նախատեսվել են ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլի ֆինանսական միջոցները:
Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի կհամալրվեն թանգարանների հավաքածուները: Ըստ նախարարի՝ տարիներ շարունակ գումար չի հատկացվել, որպեսզի ձեռք բերվեն արվեստի նոր գործեր, մշակութային արժեքներ, այս հարցում բացակայել է պետական քաղաքականությունը: «Իսկ այժմ և այսուհետեւ այն կսկսի գործել»,- նշել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կսկսի գործել մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը:
4.5 մլրդ դրամով աճել է կրթության որակի ապահովում ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ուսուցիչների ատեստավորման 5 հազար 200 հարյուր դիմում, սակայն դիմողների շուրջ 20 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը:
Կապիտալ ծախսեր են նախատեսվել նաեւ մշակույթի ոլորտում. եկող տարի կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման նախագծման, երկու թանգարանի հիմնանորոգման ու նախագծման աշխատանքներ, 17 թանգարան կապահովվի գույքով: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նաև երեք թատերահամերգային կազմակերպության նորոգման ու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվել, 8-ը թատերահամերգային կազմակերպություն նույնպես կապահովվի գույքով, որոնցից երեքը՝ երաժշտական գործիքներով: «20 գրադարանի գույքով համալրման աշխատանքներ են պլանավորվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը եւ հավելել, որ սպորտի ոլորտում կշարունակվեն երկու մարզական դպրոցի, մեկ համալիրի կառուցման աշխատանքները, 70 մարզական հաստատություն կապահովվի գույքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին