
Ընդդիմադիր պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ՔՊ-ի նախագիծն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Այսօր 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Ընդհանուր առամբ, նստաշրջանի օրակարգում 11 հարց է, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը հայտարարել է՝ այսօրվա ԱԺ նիստին չի մասնակցի (անաշխատունակ է մինչև հուլիսի 15-ը):
«Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»,- գրել էր նա:
Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից` Հայաստանի Հանրապետության դրոշի արժեւորմանը եւ ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձեւավորմանը»,- նշված է նախագծում։