Թովմասյանը մեծ աշխատանք էր տանում նաև Արցախի հարցով, ինչը խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից. Աբրահամյան
«Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու և կայացնելու ճանապարհին նմանօրինակ ապօրինությունները, կարծես թե, սովորական են դարձել, որոնց դրսևորումները բավականին լայն են»,-Աժ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ի՝ Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քայլը:
Նա հայտնեց, որ ՔՊ-ի այդ գործողությունը հիմնազուրկ է և որևէ փաստարկով այն չեն կարող պաշտպանել, իսկ շարժառիթներն ակնհայտ քաղաքական են:
Աբրահամյանն ասաց, որ իշխանությունների համար անօրինական գործողությունները հակասահմանադրական քայլերը սովորական են դարձել և ավանդույթի ուժով այն արդեն դրսևորվում է խորհրդարանում:
Նա տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ որևէ այլ թեկնածու չեն առաջադրելու մարդու իրավունքների պաշտպանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Առաջին հերթին վրեժխնդրությունն էր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, որն իր ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը արտահայտեց: Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տեսանկյունից բոլոր փուլերում շատ ակտիվ, արդյունավետ և թիրախային է եղել՝ վեր հանելով բազմաթիվ խնդիրներ բոլոր ոլորտների վերաբերյալ: Մարդու իրավունքների համատեքստում Թովմասյանը բավականին մեծ աշխատանք էր տանում նաև Արցախի հարցով, հատկապես շրջափակման պայմաններում, ինչը բավականին խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նկատեց, որ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցը Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցը չէ:
«Նաև իշխանության առաջ բերած օրակարգային հարցերը օրվա քաղաքական կուրսին առհասարակ համահունչ չեն և այսօրվա ողջ գործընթացը դրա շրջանակներում պետք է դիտարկել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը և հորդորեց հարցը դիտարկել այդ տրամաբանության ներքո:
Անդրադառնալով Հակարի կամուրջը կրկին փակելու այսօրվ ադրբեջանական գործողությանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշեց. «Ադրբեջանը ցանկացած պարագայում հիմքեր է փնտրելու միջանցքը հնարավորինս փակ պահելու համար: Բլոկադան հնարավորին ամուր պահելու և արցախցիների անվտանգության, մարդու իրավունքների և մնացած բոլոր առումներով,դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը շարունակելի է լինելու»:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի՝ Արցախի շրջափակումը մեծացնելու և արցախցիներին հնարավորինս մեծ վնաս հասցնելու գործողություններն արտահայտվում են բոլոր մակարդակներում՝ առաջնագծից մինչև քաղաքական-դիվանագիտականը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները քվեարկությամբ Թագուհի Թովմասյանին հեռացրեցին Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի իշխանական թեկնածու չի առաջադրի
- «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման «ապօրինի քննարկումներին»
- «Պատիվ ունեմ». Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է
- Թովմասյան. Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել
- Նիկոլ Փաշինայնը և իր թիմը փորձում են պատերազմի սպառնալիքով կերակրել մեզ և անընդհատ վախեցնել. Թագուհի Թովմասյան