Այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու-Արծվիկ Մինասյան
«Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,-խորհրդարնում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանել հետևյալ նախապայմանները.
-անձը հանցանքը կատարել է առաջին անգամ,
-հանցանքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,
-անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,
-չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,
-վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը կամ այլ կերպ հարթում է պատճառված վնասը:
Մինասյանը հայտնեց, որ անգամ ոլորտում իրավասու պետական մարմիններն են ասել այդ հակասությունների մասին
«Մասնավորապես ԱԱԾ-ն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ և այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսևորումների, իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ անձին քերական պատասխանատվությունից ազատելու համար, հակասում է պատժի անխուսափելիության սկսզբունքին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության ներկայացրած հիմնավորումը, թե ՌԴ-ում, Լատվիայում և Ղազախստանում էլ է նման պրակտիկա կիրառվել, իրականության չի համապատասխանում:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն էլ արձանագրում է, որ այն կիրառելի չէ և բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության և անխուսափելիության սկզբունքը, այն չի համապատասխանում նաև արդարության և հանրայնության սկզբուքններին, նույն կարծքը հայտնել է նաև ՆԳՆ-ն:
«Այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու»,-հայտնեց Արծվիկ Մինասյանը՝ փաստելով, որ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տարբեր այլ ձևեր կան, իսկ «Հայաստան» խմբակցությունը «կոշտ» դեմ է քվեարկելու նախագծին:
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնեց, թե կառավարության հիշատակած երկրներում այդ կարգավորումները կան, բայց այլ պայմաններում, իսկ ներկայացված նախագծում դրանք այլ են:
ԱԺ-ն ՔՊ պատգամավորների 65 կողմ ձայնեով ընդունեց նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա