Հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ. Ներսիսյան
Այսօր Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` վերջինս նախ պատասխանել է հավաքի մասնակիցներին հուզող հարցերին, այնուհետև նրա ուղեկցությամբ նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո պետնախարարը կրկին հանդիպել է հավաքված հանրության հետ եւ հայտարարել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջել ժողովրդի պահանջներին։
«Քննարկման արդյունքում երկրի նախագահի կողմից ներկայացվեց, որ հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններին լուծում տալու վերաբերյալ։ Բոլորս հասկանում ենք, որ եթե այդ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բոլորս միասնաբար առանց տարբերակման մասնակցելու ենք այդ շարժմանը։ Պետական աշխատողներն ինչ-որ տեղ զսպվածություն են ցուցաբերում, բայց այս դեպքում պետական ծառայող, ոչ պետական ծառայող չի լինելու»,-ներկայացրել է պետական նախարարը։
Շարժման նախաձեռնողները շնորհակալություն են հայտնել իշխանություններին արագ արձագանքելու համար, և նրանց կողմից որոշում է կայացվել սպասել եռակողմ հանդիպման արդյունքներին: Նշվել է, որ առաջիկա անելիքների մասին նախապես կհայտարարվի:
Հարակից հրապարակումներ`
- Համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը. Արցախի պետնախարարը՝ ակցիայի մասնակիցներին
- Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան
- Ակցիա` Արցախում. «Մեր միակ նպատակն է ճանապարհի բացումը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան