Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով վարույթը չկասեցվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրան փոխկապակցված անձանց պատկանող ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ գործը չի կասեցվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, մերժել է վարույթը կասեցնելու մասին փաստաբանների միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը, որի մեկնարկին փաստաբանները միջնորդել են հետաձգել այն՝ պայմանավորված փաստաբանական համայնքի կողմից իրականացվող եռօրյա գործադուլով, ինչը, սակայն մերժվեց։
Փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդել է կասեցնել գործի վարույթը՝ մինչև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշումը։ Նշենք, որ ՍԴ-ն, խնդրահարույց նորմեր նկատելով, 2022թ հուլիսին կասեցրել էր վարույթը և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Վենետիկի հանձնաժողովին։ Հանձնաժողովը խնդրահարույց համարել է հետադարձ ուժի կիրառումը՝ ուղիղ նշելով, որ այդքան հետ գնալը՝ մինչեւ 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է, որովհետեւ շատ երկար ժամանակ է։ Կարծիքը ստանալուց հետո ՍԴ-ն դեռևս որոշում չի կայացրել, ըստ այդմ, Սերժ Սարգսյանի փաստաբանները գտնում են, որ վարույթը պետք է կասեցվի՝ մինչև ՍԴ որոշումը։ Փաստաբան Վահագն Գրիգորյանի պնդմամբ՝ եթե ՍԴ ներկայացված դիմումը հաղթահարում է ընդունելիության փուլը, նշանակում է, որ հնարավոր է, որ որևէ բան հակասահմանադրական ճանաչվի կամ ՍԴ-ի կողմից բացահայտվի սահմանադրական բովանդակությունը։ Գործով ապացուցման բեռը դեռևս բաշխված չէ, ըստ այդմ, հարց է առաջանում՝ ինչ ծավալով և ինչ ժամանակահատվածին վերաբերող գույքի վերաբերյալ պետք է բաշխվի։
Գործի կասեցման միջնորդության դեմ առարկել է դատախազը՝ նշելով, որ հիմնավորումները պատճառաբանված չեն։ Դատախազը նշել է, որ քանի դեռ ՍԴ-ի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի որևէ դրույթ կասեցված չէ, գործում է օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու կանխավարկածը, մինչդեռ, փաստաբան Վահագն Գրիգորյանի պնդմամբ՝ ՍԴ-ի կողմից օրենքի որևէ դրույթի կասեցումը պարտադիր պայման չէ՝ դատարանի կողմից գործի քննությունը կասեցնելու համար։ Դատարանը մերժել է միջնորդությունը։
Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին, ժամը 10.00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան