Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, և միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ դատախազությունից։
Որոշումը կայացվել է հուլիսի 12–ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ, հարուցվել է դեռևս 2019թ.-ին։ Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ու գործն ուղարկվել ՀՔԾ։ Քննչական ենթակայությունը, սակայն, կրկին փոխվել է և գործը կարճ ժամանակ անց ուղարկվել է ՔԿ։ Իրավապահները գործի մասին «հիշել» են տարիներ անց։ 2023թ փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք:
Ըստ իրավապահների՝ Վիգեն Սարգսյանը հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Վիգեն Սարգսյանն ինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ դա նողկալի է և առաջարկելով իրավապահներին՝ հրապարակել բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են։ Վիգեն Սարգսյանը նաև հայտնել է, որ դատախազությունը որևէ ջանք չի գործադրել իր հետ կապ հաստատելու համար, իսկ իր նկատմամբ հետապնդումը գնահատել է քաղաքական։
Հարակից հրապարակումներ`
- Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Աշոտյանին․ Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը մերժվել է
- Վիգեն Սարգսյան. Նողկալի է
- Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները