Հարյուրամյա գիֆապատում. հայ կինոն՝ ներկայացված միջազգային վիզուալ լեզվով
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեց «Արեգ Կոզմոյան․ ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։
Կազմակերպիչները նշում են՝ կինոօպերատոր Արեգ Կոզմոյանը գտել է հարյուրամյա հայ կինոյի դռները բացելու իր բանալին՝ GIF-ը (Graphics Interchange Format, հայերեն՝ պատկերների փոխանակման ձևաչափ)։ Համացանցում և ժամանակակից սոցիալական ցանցերում այս ֆորմատը ֆենոմենալ տարածում ունի՝ լինելով պարզ, մատչելի ու հասանելի միջազգային վիզուալ լեզու։
Արեգ Կոզմոյանի «ԱՆՑուԴԱՐՁ» նախագիծը հայ կինոյի 100-ամյակի շտեմարան է՝ տասը տասնամյակներից ընտրված հարյուր ֆիլմերի գիֆերով։ Յուրաքանչյուր դրվագ դնելով հետուառաջ շարժման մեջ՝ Արեգ Կոզմոյանի ստանում է պատկերների չընդհատվող շրջապտույտ։
Ցուցադրությունն ուղեկցվում է Վան Սարկիսյանի երաժշտական մշակումներով՝ միակցված հայկական ֆիլմերի երաժշտությունը ու Ռոդիոն Նիկիտինսկիխու ձայնային համադրությամբ։
Ցուցահանդեսի բացմանը «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասաց, որ նպատակ ունեն տարիների ընթացքում ընդլայնել հարթակը և փառատոնը համակարգային իմաստով ասոցացվի, երկխոսության մեջ մտնի նաև արվեստի այլ տեսակների հետ, ինչպես կինոն է երկխոսության մեջ մտնում արվեստի տարբեր տեսակների հետ։
«Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը հայ կինոյի 100–ամյակի տոնակատարությանների շրջանում ևս մի ակնառու ապացույց կլինի, թե ինչքան է կարևոր այդ ժառանգությունը և ինչպես կարելի է 2023 թվականին ժամանակակից հարաբերությունների մեջ մտնել մեկդարյան ժառանգության հետ»,- ասաց նա։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ հայ կինոյի 100-ամյակը շատ կարևոր է ներկայացնել նաև այս ձևաչափով։
Panorama.am-ի հետ զրույցում Արեգ Կոզմոյանն ասաց, որ հարյուր տարվա ամեն տասնամյակից ներկայացված է 10 ֆիլմ՝ գիֆերով։ Բնականաբար, նրա խոսքով, 100 ֆիլմի ընտրությունը բավականին բարդ է եղել։
«Սկզբնական շրջանը՝ 1920-40-ականներ, այդքան շատ ֆիլմեր չեն նկարահանվել, առանձնապես ընտրելու խնդիր չկար։ 1950-ականներից սկսած ընտրություն եմ կատարել այն սկզբունքով, որ հավասարակշռությունը պահեմ, այնպես չլինի, որ ռեժիսորները կրկնվեն։ Բայց միևնույնն է, կան ռեժիսորներ, օպերատորներ, ովքեր այդ շրջանում հիմնականում իրենք են ստեղծագործել»,- ասաց նա։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը տրամադրել է լավ որակի ֆիլմեր, բայց, ըստ Ա. Կոզմոյանի, ոչ բոլորն են իդեալական վիճակում։ Ի դեպ, ոչ մի միջամտություն չի արել, ներկայացված են այնպես, ինչպես հեղինակներն են ստեղծել։
«Ընտրությունը սուբյեկտիվ է, չեմ ուզում, որ մարդիկ սա ընկալեն որպես թոփ -100 ֆիլմեր»,- ընդգծեց նա։
Արեգ Կոզոյանն ասաց, որ հենց հայ կինոյի թեմայով գիֆեր ստեղծում է արդեն 10 տարի. «Ինչ-որ անհայտ ֆիլմից գիֆ էի դնում, մարդիկ հետաքրքրվում էին, թե որ ֆիլմից է, գնում, նայում էին։ Իմ նպատակը հենց դա էր՝ հանրայնացնել հայ կինոն։
Այս ցուցահանդեսը ևս հայկական կինոն հանրայացնելու մեկ փորձ է։ Եթե կարողանանք ապագայում արտասահմանում ևս ներկայացնել, հոյակապ կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան