Հուլիսի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ Խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ. Նիկոլ Փաշինյան
«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև, եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և այն քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, ապա հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում և ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Արցախի Հանրաեպտությունում խորացող հումանիտար ճգնաժամի համար:
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն այնուամենայնիվ շարունակվում է և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն, բարձրացնում է մտացածին հանգամանքներ, մատնանշում է բոլորովին այլ բանի մասին որոշումներ և հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն խնդրին:
«Հայաստանի պետական և մասնավոր կազմակերպությունները հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցուց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը::
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ հուլիսի 15-ին նախատեսված է հանդիպումը ԵՄ խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ և նշեց, որ հաստատել է իր մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ առաջընթաց կգրանցվի խաղաղության շուրջ տարվող բանակցություններում:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան
- Փաշինյանը ինչ որոշել է, այն էլ անելու է՝ հաշվի չառնելով իսկական հայերի կարծիքը. Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ