Ըստ Էրդողանի՝ 2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից
Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Ադրբեջանցի լրագրողներից Խայալ Ազիզովը, նշելով, որ բոլորին հայտնի է Լեռնային Ղարաբաղում խնդիրների առկայությունը և իբրև թե այնտեղ տեղակայված ռուս զինվորները անհանգստացնում են Ադրբեջանին ու Հայաստանին, Էրդողանին ուղղել է հետյալ հարցը. «Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշի նկատմամբ Ղարաբաղում անարգանք է եղել, ռուս զինվորները, իջեցնելով Ադրբեջանի դրոշը, գետնին են նետել, դրա տեսագրությունն էլ կա։ Ռուսները ցանկանում են, որ նրանք մնան այնտեղ։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ Ռուս զինվորը արդյո՞ք պետք է շարունակի իր ներկայությունը Ղարաբաղում, թե՞ երկու տարի հետո, եթե կողմերից մեկն ասի՝ թող ռուս զինվորը լքի Ղարաբաղը, նրանք պիտի լքեն։ Ձեր դիրքորոշումը սրա հետ կապված ինչպիսի՞ն է»:
Ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսասատանը մնա պայմանագրի համաձայն որոշված վայրերում մինչև 2025-ը: Իսկ 2025․-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Ես էլ հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ՝ հետևողական է դրան։ Շնորհակալություն»: