Դատարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, հնարավոր է գործադուլ անեն
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների աշխատողներին այս ամիս նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն տվել։ Մինչ այս ուշացումներ չեն եղել, մշտապես ամսի 1-ին, 2-ին ստանում են նախորդ ամսվա աշխատավարձը։
«Հաշվապահությունից պատճառաբանում են, որ քրեական ու քաղաքացիական դատարաններն առանձնացվում են, իբր թե հունիսի սկզբին նախագիծն ուղարկվել է դեպարտամենտ, դեպարտամենտը պետք է ուղարկի կառավարություն, որպեսզի հաստատվի։ Սակայն այսօրվա դրությամբ կառավարության որոշում չկա, սպասենք, տեսնենք, կարող է ներառվի հուլիսի 20-ի նիստի օրակարգում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դատարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել անունը։
Նրա խոսքով, ում դիմում են, պատասխանը մեկն է՝ սպասում են կառավարության որոշման։
«Սակայն վարկերը չեն կարող սպասել։ Գրեթե բոլորն ունեն վարկեր, չեն կարողանում վճարել, տույժեր ու տուգանքներ են գալիս։ Մարդիկ ստիպված գնում ու նորից վարկ են վերցնում, որպեսզի արդեն ունեցած վարկը փակեն։ Մարդիկ կան, ովքեր պետք է գնան արձակուրդ, արձակուրդային չեն ստացել։ Այս ամենը հաշվի չի առնվել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա ասաց, որ դատարանների աշխատակիցները շատ ծանրաբեռնված են աշխատում՝ մինչև ուշ ժամ մնում են, շաբաթ, կիրակի չունեն։
«Չենք պատրաստվում այս ծանրաբեռվածությունն ունենալով հանդերձ՝ ձրի աշխատել։ Մինչև հուլիսի 20-ը կսպասենք, եթե որևէ շարժ լինի, գործադուլ կանենք բոլոր աշխատակիցներով։ Այսինքն պետք է բունտ անենք, որ աշխատավարձ ստանանք»,- նշեց դատարանի աշխատակիցը։
Panorama.am-ը դիմեց Բարձրագույն դատական խորհրդից լրատվական վարչության ղեկավար Լիլիթ Շաբոյանի՝ ի՞նչն է դատարանների աշխատակիցների աշխատավարձերի ուշացման պատճառը։
«Այս տարի Երևանի դատարանները բաժանվեցին քաղաքացիական և քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։ Այս պահին արդեն շրջանառության մեջ է դրվել բյուջեն երկու մասի բաժանելու որոշումը, սպասում են համապատասխան որոշման կայացմանը, որից հետո հնարավորինս արագ կստանան իրենց աշխատավարձերը։ Հուսանք, ամենասեղմ ժամկետներում հնարավոր կլինի խնդիրը կարգավորել։ Հասկանում ենք իրենց մտահոգությունը, բայց խնդրում ենք զինվել համբերությամբ, ամենասեղմ ժամկետներում կկարգավորվի»,- ասաց նա։
Կոնկրետ հարցին՝ այս ամսվա ընթացքում դատարանների աշխատակիցները կստանա՞ն նախորդ ամսվա աշխատավարձ, նա ասաց. «Այո, կարծում եմ ամենասեղմ ժամկետներում կստանան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա