Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում՝ առ ոչինչ է. Արցախի պետնախարար
«Մեր երեկվանից մեկնարկած համաժողովրդական շարժման միջոցով կարողացանք այնպես անել, որ Հայաստանի ու դրանից դուրս ուշադրություն հրավիրվի Արցախի շուրջ ու դրա ներսում տեղի ունեցող աղետալի իրավիճակին»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշեց, որ Արցախում իրավիճակը շարունակում է աղետալի մնալ, ժողովուրդը ամեն օր կրում է զրկանքներ, որոնք օր-օրի ավելի ծանրանում ու խորանում են։
«Մեր ժողովուրդը Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների հետ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն չունի։ Արցախում բնակվող ավելի քան 30 հազար երեխա, 2000-ից ավելի հղի կին չունեն բավարար սնունդ ստանալու հնարավորություն։
Մեր գյուղական համայնքի բնակիչները զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ու ավարտին հասնելու հնարավորությունից, այդ աշխատանքը կատարված է 30 տոկոսով։ Պատկերացրեք ինչպիսի հետևանքներ են առաջանալու ավելի ուշ։ Մարդիկ զրկված են դեղորայքից»,- ասաց Ներսիսյանը։
Նա խոսեց նաև այսօր ՌԴ ԱԳն հայտարարությունից՝ նշելով. «Համոզված եղեք, որ ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր։ Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ և ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։
Բայց միաժամանակ ականատես ենք լինում, որ ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։
Ուզում եմ միասին հայտարարենք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։
Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի իրավունքները, ինքնորշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախ. արդեն 216 օր
- Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Պետնախարար
- Խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ՌԴ. Արցախի պետնախարար
- Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
- Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
- Կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը․ Գուրգեն Ներսիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան