Մեր Կառավարությունը նման է ծույլ աշակերտի՝ չի ուզում իր սխալներն ուղղել․ Ջրաբան
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառ իրականացնելու օրինագիծը,որի համաձայն՝ օրենքով սահմանված 170 մլն խմ-ի փոխարեն Սևանա լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս տարի,երբ տեղումների պակաս, վստահաբար կարող ենք ասել, չի նկատվել։ Տարիներ շարունակ բնապահպանական հանրության կողմից բարձրաձայնված խնդիրները լուծում չեն ստանում, որի արդյունքում տուժում է Սևանա լիճը։ Սևանա լճից ջուր բաց թողնելու անհրաժեշությունը գալիս է պատկան մարմինների անգործությունից։
Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իրավիճակը նույն է , որևէ բան չի փոխվում։
«Սևանից հավելյալ ջրառ վերցնելը կարելի է համեմատել ծույլ աշակերտի հետ, որը չի ուզում սովորել և իր սխալներն ուղղել։ Նույնը մեր Կառավարությունն է՝ «դե Սևանն է էլի , Սևանից ջուրը կվերցնենք»։ Սա շատ վատ միջադեպ է։ Ցավում եմ, որ նման որոշում է ընդունվել։ Սա նշանակում է, որ մենք նորից ու նորից կորցնում ենք Սևանը, ջուրն ավելացնելու փոխարեն վերցնում ենք այն»,- ասաց ջրաբանը։
Նրա խոսքով, թեև ամեն տարի ոլորտի մասնագները բարձրաձայնում են խնդիրները, սակայն դրանց լուծումների ուղղությամբ քայլեր չեն կատարվում։
«Սևանա լիճ թափվող 28 գետերի միջոցով աղտոտվում է լճի ջրհավաք ավազանը՝ թե՛ մակերևութային, թե՛ կոյուղաջրերն են լցվում։ Հիմա էլ շարունակում ենք իջեցնել ջրի մակարդակը։ Կարծում եմ՝ Սևանա լճին շատ ծանր շրջան է սպասվում»,- նշեց մասնագետը։
Յուրաքանչյուր անգամ պատկան մարմինների առաջ քաշած հիմնավորումը,թե ոռոգման ջուր չկա, գյուղացուն ջուր է պետք, քողարկելու համար է այն հիմնական հարցերը, որոնք բաց են մնում։ Նախ ջրամբարներում ջուր չկա, քանի որ, ըստ մասնագետի, դրանք արդեն ի զորու չեն պահելու ջուրը, գտնվում են անմխիթար վիճակում։
«Ջրամաբարները կարծես ծակոտկեն մաղ լինեն։ Ջրամբարները մեծ խորություն չունեն և դրանց հատակին տիղմ է կուտակվում, որը պետք է մաքրել՝ թեկուզ օգտագործելով որպես պարարտանյութ։ Ջրամբարներից ջրի կորուստները մեծ են, օրինակ՝ պատերից, հատակից և պատվարի միջից անընդհատ ունենում ենք կորուստներ։ Բացի դրանից, մեր ոռոգման համակարգը ցավալի վիճակում է։ Ամեն տեղ ունենում ենք կորուստներ։ Պաշտոնական տվյալներով՝ 60 տոկոս է, թեև չգիտեմ էլ ինչից ելնելով են ասում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ տեղ-տեղ լինում են նաև ջրի կուտակումներ՝ ճահճացում, ինչը համակարգի անսարքության և ամփութության հետևանքով է։
«Սևանա լճի ջրառը չի հասնում գյուղացում, քանի որ դրանից օգտվում են ՀԷԿ-երը։ Եթե գնաք Արարատյան դաշտավայր և գյուղացիներին հարցնեք, թե ինչ՞ով ջրում դաշտերը, կասեն՝ Արարատյան ջրով։ Արարատյան ջրով են ջրում, որովհետև Սևանա լճի ջուրը չի հասնում»,- հերքելով այն պնդումը,թե Սևանից ջրառ իրականացվում է ոռոգման խնդիրները լուծելու համար։
Քնարիկ Հովհաննիսյանը նշում է՝ Սևանա լճին պարտք ենք և պետք է վերադարձնենք մեր պարտքը։ Լիճը մեզ «պարտք» է տվել 1990-ականներին՝ պահովելով ողջ ազգին սիգով, իսկ հիմա այն վերադարձնելու ժամանակն է։
«Սևանա լիճն ունիկալ օբյեկտ է, որի մակարդակից կախված է մեր մաքուր, բարձր որակի, խմելու ջրի աղբյուրների որակը։ Հենց Սևանի մակարդակն իջնում է, տեսնում ենք, որ աղբյուրները կամ քչանում են, կամ փոխում են որակը։ Սևանիը փրկելու ժամանակը չպետք է կորցնենք, որովհետև կան ջրային էկոհամակարգում պրոցեսներ, որոնք անդառնալի են։ Գոյություն ունի ջրային էկոհամակարգի «տոլերանտության» գաղափար, որը պիկին հասնելուց հետո, ինչ ուզում եք արա , ինչ քանակի ներդրում ուզում եք արեք, այլևս չեք վերականգնի։ Ես վախենում եմ դրանից, որ մենք անցնում եմ տոլերանտության սահմանը։ Պետք ժամանակին կանգ առնել ու վերականգնել Սևանի որակն ու քանակը»,- եզրափակեց Քնարիկ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուժեղացված ծառայություն՝ Սևանա լճում ու լողափերին
- Եթե Սևանա լիճը կորցնենք՝ մեր պարենային անվտանգության վրա կարելի կլինի մեծ խաչ քաշել. Ինգա Զարաֆյան
- Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով