Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել. Երասխում կառուցվող գործարանի սեփականատեր
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։
5 օր անց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները, վնասվել և շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը, կռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո և տեսանկարահանմամբ արձանագրվել և հրապարակվել են մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաև տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիրներ, միջազգային դիտորներ և լրագրողներ:
Հարկ ենք համարում ընդգծել հետևյալ անկյունաքարային կետերը՝
1. Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները, ձուլելու արդյուքում, վերածվում են ամրանների: Այս պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլոտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավել երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և գնտվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա:
2. Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛ կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաև Հայաստանի Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավիղով ընդգրկում է ամբողջ քաղաքն ու հարակից գյուղն՝ իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներով:
3. Գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը, որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն ունենանք գետն աղտոտելու, չենք կարող:
4. Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան 6 ամիս:
Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր կողմից կառուցվող գործարանի տեսակն ու արտադրողականության չափը չի՛ առաջացնում անդրսահմանային ազդեցություն: Այս պնումներն ապացուցելու համար պատրաստ ենք աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռահար ձևաչափերով:
Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:
Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է:
«ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» ՍՊԸ
«ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
- Կրկին կրակում են Երասխի գործարանի ուղղությամբ
- Երասխում մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է
- Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Երասխում ադրբեջանցիների կրակոցների տակ հայտնված տրակտորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան