Ադրբեջանցին նստած է Հադրութի Քյուրաթաղ գյուղում պղծված խաչքարի պատվանդանին և ցույց է տալիս Գորշ գայլերի նշանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի հուլիսի 9-ին մեդիա տիրույթում տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Լուսանկարում ադրբեջանցի մի երիտասարդ նստած է տապալված խաչքարի պատվանդանին, որը նաև պղծված է ինչ որ գրությամբ և ցույց է տալիս Գորշ գայլերի նշանը։ Այն թյուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նշանն է, որը «Գորշ գայլերը» համարում են իրենց խորհրդանիշը։ Այս ժեստը լայնորեն կիրառվել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական զինվորականների կողմից։
Խաչքարի կողքին գտնվող և հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ճակատագիրն այս պահին անհայտ է:
Մեր արձագանքը
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։
Օկուպացված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ միջազգայնորեն արգելված է հատկապես խաչքարերի թիրախավորումը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»: Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանության կարիք, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։ Բացի այդ՝ խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական և, անկախ այս կամ այն պետության ցանկությունից, պետք է պահպանվի։
Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։
Կարևոր է ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է. monumentwatch.org
- Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org
- Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ. monumentwatch.org
- Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին