«Սլավյանսկի բազար 2023»-ում 10-ամյա Անահիտ Գալստյանն արժանացել է 2-րդ մրցանակի
Հուլիսի 12-14-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում էր 18 երկիր՝ Բելառուս, Ղրղզստան, Սերբիա, Կոլումբիա, Էստոնիա, Ավստրալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Ղազախստան, Իսրայել, Բուլղարիա, Ուզբեկստան, Մեքսիկա, Ռումինիա, Իտալիա, Մոլդովա, Վրաստան և Հայաստան։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ» -ից հայտնում են, որ հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով մրցութային երկու օրերին դարձել էր ֆավորիտներից մեկը։ Առաջին մրցութային օրը, որպես միջազգային հիթ Անահիտը կատարել է Jade Ewen-ի երգացանկից «Its My Time» ստեղծագործությունը և արժանացել ժյուրիի առավելագույն միավորներին՝ հավաքելով 70 միավոր։ Իսկ Երկրորդ մրցութային օրը՝ որպես երկրի հիթ ներկայացրել է Սոնա Շահգելդյանի երգացանկից (երգի հեղինակ Մարտին Միրզոյան) «Կորուստ թե գանձ» ստեղծագործությունը և վաստակել 63 միավոր։
Այսպիսով, Հայաստանի պատվիրակ Անահիտ Գալստյանը երկու մրցութային օրերին վաստակելով 133 միավոր՝ արժանացել է երկրորդ մրցանակի։ Մեր պատվիրակն այդ հորիզոնականը կիսել է Ռուսաստանի մասնակցի հետ:
«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչը, իսկ առաջին մրցանակին՝ Բելառուսի։ Մրցույթի 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Այս պահին հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ, դեռևս գտնվում է Բելառուսում, քանի որ այսօր՝ հուլիսի 15-ին և 16-ին «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։