Նախատեսվում է՝ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է`
● գիտելիքի ազատ շրջապտույտի ապահովման, միջգիտակարգային կապերի խթանման և ստեղծարար միջավայրի ձևավորման նպատակով,
● բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովման (ուսանողների ներգրավում գիտական և նորարարական գործընթացում, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների ներգրավում կրթական գործընթացներում) անհրաժեշտությամբ,
● Հայաստանի բուհական և հետազոտական համակարգի միջազգային մրցունակության և գրավչության բարձրացման հրամայականով,
● կրթության ժամանակակից ֆիզիկական և վարչաիրավական միջավայրի ձևավորման, ինչպես նաև կրթական ծրագրերի առկա կրկնորդումների բացառման անհրաժեշտությամբ,
● ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացման նպատակով բուհական կրթությանը վերաբերող պետական համընդհանուր նոր ստանդարտների ձևավորման անհրաժեշտությամբ,
● բուհական և գիտահետազոտական համակարգի սոցիալ-տնտեսական ազդեցության բարձրացման հրամայականով, այդ թվում՝ առևտրայնացման և կիրառական մեծ պոտենցիալ ունեցող մշակումների իրականացմամբ, հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մարդկային կապիտալի ձևավորմամբ ու զարգացմամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական ու առաջանցիկ զարգացման և պաշտպանունակության բարձրացման:
ՀՀ վարչապետի 2022 թ. 1314-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել են բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման հետևյալ ուղղությունները`
. Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
. Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
. Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն:
. Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
. Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր։
. Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր:
Բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն այդ հաստատությունների մեծ մասը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի վերոնշյալ ուղղություններին համապատասխան խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ:
Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին:
Խոշորացված բուհերում և դրանց հետ միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը` էական շեշտադրում դնելով հետազոտական բաղադրիչի ավելացման վրա, իսկ գիտական աշխատողների համար ստեղծվելու են մրցունակ հետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ:
Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների և մշակումների համալիր ծրագրերին, քանի որ խոշորացման արդյունքում համալսարանական կլաստերներն ունենալու են համապատասխան հետազոտությունների և մշակումների համար նյութատեխնիկական ամբողջական համալիր, ինչպես նաև փորձարկումների և նախատիպավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ` նպաստելով մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարմանը:
Ենթակառուցվածքների համալրման և արդիականացման պետական ծրագրերի հիմնական մասն ուղղվելու է կլաստերների հզորությունների համալրմանը։
Կլաստերներում ուսանողների, ակադեմիական և օժանդակ անձնակազմի համար ապահովվելու են կեցության մատչելի և արժանապատիվ պայմաններ կամ բնակարանի ձեռք բերման արտոնություններ, ինչպես նաև կամպուսներն օժտված են լինելու կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ակտիվ և առողջ ժամանցի ենթակառուցվածքներով և թիրախային խմբի համար դրանցից օգտվելու հատուկ պայմաններով:
Գործընթացի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք դիմել [email protected] հասցեով։
Առաջարկները անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով։
Ներկայացված հայեցակարգային առաջարկները կքննարկվեն այդ նպատակով ձևավորված գնահատող մասնագիտական հանձնաժողովում, այնուհետև յուրաքանչյուր ուղղությանը համապատասխանող բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար կկազմվեն վերջնական հայեցակարգեր»,- նշում են ԿԳՄՍՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Գիտնական. Իմ տպավորությամբ ակադեմիական քաղաքի նախաձեռնության իրական նպատակը Երևանի Կենտրոնում գտնվող շենքերն ազատելն է
- Առաջին փուլում առաջնահերթ է համարվել Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի կառուցման աշխատանքները
- Ակադեմիական քաղաքն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան