Արարատի մարզում 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ Ն. Փաշինյանին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Կառավարության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք:
Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված 34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում:
Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ:
Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում:
Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր:
Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Փաշինյանն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների:
Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում