Մատենադարանի տնօրենի ընտրությունն՝ այսօր
Այսօր կկայանա Մատենադարանի տնօրենի ընտրությունը։ Ըստ մամուլի հրապարակումների, տնօրենի թափուր տեղի համար 3 հայտ է ներկայացվել. Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Ավելի վաղ Մատենադարանում տեղի ունեցած գիտխորհրդի նիստին գիտխորհրդի անդամներ, այնպես էլ դռնբաց նիստին մասնակցող գիտաշխատողներ (պատմական գիտություների դոկտորներ Վահան Տեր-Ղևոնդյան, Էռնա Շիրինյան, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյան, արվեստագիտության թեկնածու Էդդա Վարդանյան, պատմական գիտություների թեկնածուներ Արսեն Հարությունյան, Լուսինե Թումանյան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, տոմարագետ Ջուլետա Էյնաթյանը), առաջարկել էին որպեսզի 2018 թ. մարտից Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն և 2023 թ. մարտից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը մասնակցի Մատենադարանի տնօրենի ընտրությանը, նշելով, որ գիտնականի նրա անցած ճանապարհը և վարչական, կազմակերպչական աշխատանքի այն արդյունքները, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսներին, թույլ են տալիս նրան համարելու այս պահին Մատենադարանի տնօրենի առավել նպատակահարմար թեկնածու։
Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային փորձառություն:
Կարեն Մաթևոսյանը մրցույթին ընդառաջ գրել է.
«2021 թ. փետրվարին Մատենադարան եկավ ֆրանսիական «La Gazette Drouot» հանդեսի թղթակից Աննա Ազնաուրը և հարցազրույց վարեց ինձ հետ՝ Մատենադարանի մասին՝ որպես հաստատության գիտական գծով փոխտնօրեն։ Երբ այն հրապարակվեց (հղումը՝ ստորև), ինձ հատկապես զարմացրեց խմբագրության ընտրած խորագիրը՝ «Karen Matevosyan, gardien du Matenadaran», այսինքն՝ «Կարեն Մաթևոսյան, Մատենադարանի պահապանը»։ Չգիտեմ, թե ինչու էր այդ ձևակերպումն ընտրվել, բայց երևի պատահականություններ չեն լինում։
Ինչպես իմ բարեկամները գիտեն, առաջիկա երկուշաբթի կայանալու է Մատենադարանի տնօրենի ընտրություն, որտեղ երկու այլ արժանավոր թեկածուների հետ, դրել եմ նաև իմ թեկնածությունը։
Հուսով եմ, որ այս թեմայով այլ գրառում անելու կարիք չի լինի, ուստի երկու խոսք ասեմ այստեղ։ Որքան էլ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ընտրությունն իրականացնող հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է (13 հոգուց 2-ն են մատենադարանցի, մյուսների մեծ մասը տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ են), սակայն հույս ունեմ, որ նրանք կառաջնորդվեն թեկնածուների ներկայացրած ծրագրերով, կգնահատեն դրանց օգտակարությունը Մատենադարանի համար և իրատեսական բնույթը։ Իմ տեսակետը հստակ է՝ Մատենադարանը պետք է պահպանի իր դերը որպես հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, քանի որ հենց այդպես է հիմնադրվել և գործել, միջազգային ճանաչման ու նաև համաժողովրդական սիրո և ակնածանքի արժանացել։ Այստեղ առաջնային են անվտանգության և ձեռագրերի պահպանության հարցերը, ձեռագրերի վերականգնումն ու գիտական բազմակողմանի ուսումնասիրությունը, բնագրերի հրատարակությունը և այլն։
Վերջերս շրջանառված այն տեսակետը, թե հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է «նկատի առնելով նաև Մատենադարանի ֆինանսների կառավարման, իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական, մաքսային ընթացակարգեր պարունակող գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» (ԿԳՄՍՆ հայտարարությանը՝ հնչած Հ1-ի լուրերով, 14.07.2023), անհանգստացնող է այնքանով, որքանով, իմ համոզմամբ, Մատենադարանը «մաքսային ընթացակարգեր պարունակող» «ձեռնարկատիրական» գործունեության իրականացման համար բոլորովին էլ հարմար «օբյեկտ» չէ։ Ավելին չասեմ։
Վերադառնալով նյութի սկզբում ասվածին, ուզում եմ հավաստիացնել, որ անկախ ընտրության արդյունքից, և այն բանից, թե հոգաբարձուների խորհուրդն ում կհանձնի Մատենադարանի տնօրինությունը, իմ կարողության սահմաններում ամեն ջանք պիտի գործադրեմ, որպեսզի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի գործունեության ավանդական ընթացքը չխաթարվի։ Վստահ եմ, որ արտահայտում եմ նաև Մատենադարանի իմ գործընկերների մեծագույն մասի կարծիքը»։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի աշխատանքային պայմանագիրը լրացել էր 2023 թ. մարտի 7-ին։ Նա Մատենադարանի տնօրենն էր 2018 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ով կդառնա Մատենադարանի տնօրեն
- Վանո Դադոյան. Մատենադարանի վրա սև ամպեր են կուտակվում
- Մատենադարանի տնօրենի ընտրության հետ կապված զարգացումները որոշակի մտահոգություններ են առաջացրել
- Հայտարարվել է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ
- Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը
- Մատենադարանն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին