Ռուսաստանը դուրս է եկել Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրից
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 17-ին լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրով իր ստանձնած պատրավորությունները:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հացահատիկային միջանցքի գործարկումը կրկին կապահովի համաձայնագրով սահնմանված համապատասխան պայմանների կյանքի կոչման պարագայում:
Նա նաև ընդգծել է. «Համաձայնագրի դադարեցումը կապ չունի Ղրիմի կամրջի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետ: Նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ էր հայտարարել նման որոշման կայացման մասին»:
Նախքան Սաուդիան Արաբիա մեկնելն Աթաթուրքի անվան օդանավակայանում տված մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Չնայած այսօր արված հայտարարությանը՝ հավատում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ մարդասիրական այս կամուրջը շարունակվի օգտագործվել»,- ասել է Էդրողանը:
Նշենք, որ Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը կնքվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև: