Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։
Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով:
Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը:
Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:
Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:
«Քննական գործընթացը բավական հանգիստ է անցել: Դրա մասին է փաստում բողոքարկումների սակավությունը. առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է քննական գործընթացը երկու փուլով կազմակերպելուն, նշեմ, որ բազմաթիվ դիմորդներ երկրորդ փուլում միայն մեկ առարկայի քննություն են հանձնել՝ պահպանելով իրենց գնահատականը»,- ասել է Արմեն Փաշայանը:
Անդրադառնալով պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցին՝ նիստի մասնակիցները որոշել են քննարկումները ծավալել միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո:
Նիստի ընթացքում քննարկվել են ընդունելության քննություններին առնչվող այլ հարցեր:
ԿԳՄՍ նախարարն առաջարկել է քննարկել բուհերին հատկացվող տեղերի ընդհանուր մոտեցումը վերանայելու հարցը՝ բուհին տալով ավելի մեծ ազատություն վճարովի տեղերն օգտագործելու առումով: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է վերահսկի միայն բյուջետային միջոցներից ֆինանսավորվող տեղերը` բուհին վերապահելով գործունեության ազատություն` ակադեմիական ազատության շրջանակում:
Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև նոր կազմավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, Ակադեմիական քաղաքի ծրագրին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին՝ կարևորելով ոլորտի ներկայացուցիչների մասնակցայնությունը հայեցակարգի մշակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան