Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը
Արցախի Հանրապետությանը կառավարությունը ներկայացրել է տեղեկագիր շրջափակման 219-րդ օրերի ընթացքում երկրում տիրող իրավիճակի մասին.
Օրվա վիճակագրական թարմացումներ
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,640 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 620 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, իսկ հունիսի 25-ին վերականգնվելուց հետո՝ վերջին անգամ դադարեցվել հուլիսի 10-ին:
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 211 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (219 օրվա ընթացքում մարդկանց 536,550 -ի փոխարեն՝ 2,540 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 19 ելքի և մուտքի դեպք՝ միայն ԿՄԽԿ միջնորդությամբ:
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 69 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (219 օրվա ընթացքում 201,480 -ի փոխարեն՝ 2,923 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 3 մուտք և ելք՝ Կարմիր խաչի կողմից:
Շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (219 օրվա ընթացքում մոտ 87,600 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա:
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 152 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 190 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 416 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 46 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Կարևոր փաստեր
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։
Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։
Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։
Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի, իսկ հունիսի 15-ից նշված ապրանքներից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես:
Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
- Ագրոճամբարի ծրագիր՝ շրջափակված Արցախում
- 10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում
- Ում են պետք պլակատային կարգախոսները, երբ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
- Աբրահամյան. Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի
- Ծննդօգնությունը Արցախում՝ բլոկադայի պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան