Financial Times. Հայաստանը կտրուկ ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան՝ $800,000-ից հասնելով $180 մլն-ի
Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը 2022 թվականի հունվարին 800 հազար դոլարից 2023 թվականի հունվարին աճել է մինչև 180 միլիոն դոլարի, գրում է Financial Times-ը։ Միաժամանակ Հայաստանը չունի սեփական ավտոմոբիլային արտադրություն։
Forbes.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ուկրաինական իրադարձությունների ֆոնին փակվել են BMW, Audi և այլ ապրանքանիշերի ավտոսրահները։
«Ցանկացած հարուստ մարդ, ով գնում էր ավտոսրահ և մեքենա էր գնում, այլևս չի կարող դա անել: Ուստի դիմում են մեզ կամ մեկ ուրիշին, և նրան մեքենա են բերում»,- FT-ին պատմել է մաքսակետում աշխատող անանուն ավտոդիլերը:
«Վաճառողների ու գնորդների խոսքով՝ Հայաստանի տարածքով Ռուսաստան մեկնող մեքենաների մեծ մասը ԱՄՆ-ից ժամանում է Վրաստանի Փոթի նավահանգստով»,-գրում է FT-ն։ Մեքենաները ձեռք են բերվում ԱՄՆ-ում օգտագործված ապահովագրական աճուրդներում, որտեղ մեքենաները ապահովագրողների կողմից համարվում են ջարդոնված: Այնուհետև դրանք վերանորոգվում են Վրաստանում կամ Հայաստանում, վերանորոգված օգտագործված մեքենաները Ռուսաստանում կարող են վաճառվել իրենց արժեքից շատ ավելի թանկ, նշում է FT-ն։ ստ թերթի՝ նման սխեման վաճառողներին թույլ է տալիս շրջանցել 50 հազար եվրոյից ավելի ավտոմեքենաների արտահանման ԵՄ արգելքը։
«Վերանորոգումից հետո մեքենաները մաքսազերծում են Հայաստանում, որն իրականացնում է անմաքս առևտուր Ռուսաստանի հետ և Գյումրիով մեքենաներ են ուղարկվում Ռուսաստան՝ կրկին հատելով Վրաստանի հետ սահմանը։ ԱՄՆ-Վրաստան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան այս սխեման միակը չէ, կան շատ ուրիշներ»,-FT-ին պատմել է Պավել անունով ավտոմեքենա վաճառողը:
2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի ավտոմեքենա, մեկ տարի անց այդ գումարն աճել է մինչև 29,5 մլն դոլար և շարունակում է աճել, նշում է FT-ն։ 2023 թվականի ապրիլին Հայաստան են ներկրվել 34 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան մեքենաներ։
ԱՄՆ-ը 2022 թվականի գարնանն արգելեց նոր և օգտագործված մեքենաների արտահանումը Ռուսաստան։ ԵՄ-ն, որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մաս, արգելել է ավելի քան 50 հազար եվրո արժողությամբ մեքենաների մատակարարումը երկիր: Պատժամիջոցների 11-րդ փաթեթով ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստան շքեղ մեքենաների արտահանման արգելքը ինչպես նաև բոլոր էլեկտրական մեքենաների վրա, ներառյալ օգտագործվածները:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանը 50 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է նվեր ստացել
- Գյումրիի մաքսատանը ներմուծված ավտոմեքենաների հերթերը հասնում են կիլոմետրերի․ Գառնիկ Դանիելյան