Դատական համակարգում բարեփոխումները բավականին դանդաղ են ընթանում. դատավոր Գևորգ Գյոզալյան
«Դատական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ: Իմ՝ դատական համակարգում հայտնվելը նաև կոչված է որպեսզի ես փորձեմ այնպես անել, որ այդ խնդիրների մի մասը վերանա»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գևորգ Գյոզալյանը:
Նա նշեց, որ խնդիրները բազմաթիվ են, և այդ խնդիրներն այս ժողովի ընթացքում է լուծվում:
Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին՝ դատավորն ասաց, որ, իր գնահատմամբ, պրոցեսը բավականին դանդաղ է ընթանում. «Բավականին խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն: Դրանք, ցավոք սրտի, ես դանդաղ եմ տեսնում: Կա որոշակի դրական գործընթացներ, կան բազմաթիվ բացասականներ։ Կոնկրետ գործերի վերաբերյալ ես հնարավորություն չունեմ գնահատականներ տալու: Պատճառները բազմաթիվ են, սկսած սուբյեկտիվ գործոններից, վերջացրած օբյեկտիվ գործոններով: Մի բառով չեմ կարող ասել: Ունենք օրենսդրական, անձերի խնդիրներ: Դատավորները, մարդիկ անարդարության վերաբերյալ միշտ պետք է բարձրաձայնեն»:
Հարցին՝ արդյո՞ք տեսնում է խնդիր, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը քննում է իր ընկերոջ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից ներկայացված միջնորդությունները, Գյուզալյանն ասաց. «Դրանք պետք է կոնկրետ գործերով նայվի: Կարող են լինել գործեր, որ այդ խնդիրները խնդիրներ են, կարող են լինել գործեր, որ այդ խնդիրները մեծ հաշվով նշանակություն չունենան: Եթե դատավորը համոզված է, որ ինքը անաչառ է, ապա, օրինակ, ես կբարձրաձայնեի, որ ես անաչառ եմ, բայց կասեի, եթե կողմերը տեսնում են անաչառության հետ կապված որևէ խնդիր, ապա ներկայացնեն ինքնաբացարկի միջնորդություն, ես կքննեմ»: