Թուրքիան մտադիր է Ստամբուլը նախապատրաստել հնարավոր ավերիչ երկրաշարժին
Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ստամբուլը նախապատրաստել հնարավոր ավերիչ երկրաշարժին, ինչի մասին զգուշացնում են սեյսմոլոգները։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Մենք հանդիպել ենք Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի և շրջանների ղեկավարների հետ Ստամբուլում հնարավոր երկրաշարժի հարցով և սկզբունքային համաձայնության ենք եկել։ Մենք սկսում ենք աշխատանքը աղետի հարվածին դիմակայելուն նախապատրաստվելու համար՝ հենց հաջորդ շաբաթվանից»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ մեգապոլիսը սեյսմիկ վտանգի առումով «աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակում է»։ «Երկրաշարժի վտանգը քաղաքականությունից դուրս թեմա է, մենք չենք կարող մեկ վայրկյան կորցնել»,-ասել է Օժասեկին, և ծարունակել.«Ստամբուլում կա 5 միլիոն 800 հազար անկախ շենք, որոնցից 1,5 միլիոնը գտնվում է ռիսկային գոտում, 600 հազարը` բարձր ռիսկային գոտում»։
Հուլիսի 12-ին թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը կանխատեսել էր 7,2-7,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ Մարմարա ծովում, որտեղ գտնվում է 17 միլիոնանոց քաղաքը։ Ավելի վաղ սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի շրջանում, որը գտնվում է Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի միացման տեղում, ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին։ Նրանք կարծում են, որ նման ցնցումներով մոտ 90 հազար շենք կարող է անմիջապես փլուզվել, 260 հազարը կվնասվեն և կդառնան բնակության համար անպիտան։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի քաղաքապետը կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման
- Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում խոշոր ահաբեկչություն նախապատրաստող օտարերկրացու
- Ստամբուլում շուրջ 207․000 շենք՝ երկրաշարժի վտանգի առաջ
- Ստամբուլ մեկնող զբոսաշրջիկների թիվը 35 տոկոսով նվազել է