«Փարիզ-2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր
«Փարիզ-2024» oլիմպիական ավանում և մարզահամալիրներում շրջայց է կազմակերպվել հյուրընկալված մարզաշխարհի մարդկանց համար:
Տոկիո-2020-ի օլիմպիական գյուղում մահճակալները պատրաստված էին ամուր ստվարաթղթից, որով առավելագույնի էր հասցվել ֆինանսական խնայողությունը: Ավանդույթը շարունակում են նաև ֆրանսիացիները։
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ի տարբերություն Տոկիոյի խաղերի, այս պարագայում օլիմպիականների համար նախատեսված սենյակներն ու մարզասրահները համեմատաբար ընդարձակ են։
Ավանը կառուցվել է Սենա գետի երկայնքով և զբաղեցնում է նրա երկու ափերը։ Գետն անցնելու համար կառուցվում է հատուկ կամուրջ։ Գյուղի ներսում միկրոավտոբուսները կշարժվեն երկու րոպեի ընդմիջումով։ Մի հսկայական հրապարակ, որը նախկինում եղել է կինոյի տաղավար, խաղերի ընթացքում կծառայի որպես խոհանոց։
Օլիմպիական ավանը մեծ տարածք է զբաղեցնում։ Այդ պատճառով կազմկոմիտեի անդամներին կտրամադրվեն ինքնագլորներ, իսկ հյուրերին հեծանիվներ՝ ավելի արագ տեղ հասնելու համար։
Հարկ է նշել, որ «Փարիզ - 2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր: Փարիզցիները այդկերպ մշտապես կհսկեն օլիմպիական կառույցները, դրանք կծառայեցնեն երկրին ու բնակչությանը: Իսկ ահա, օրինակ, Աթենքի և Ռիոյի մրցավայրերը պարապուրդի են մատնված:
33-րդ ամառային օլիմպիական մարզահանդեսի տանտերերը կառուցել են 15 220 հոգու համար նախատեսված ջրային մարզաձևերի կենտրոն, ինչպես նաև 8000 հանդիսականի համար ծառայող մրցասպարեզ, որտեղ կանցկացվեն բադմինթոնի և գեղարվեստական մարմնամարզության մրցումները։
Բազմաթիվ ցուցահանդեսային սրահներ նույնպես կօգտագործվեն մրցումների անցկացման համար:
Մեկ այլ հետաքրքիր փաստ. որոշ մարզաձևերի մրցաշարեր տեղի կունենան երկու տարբեր վայրերում: Մասնավորապես «Arena Paris Nord» ցուցահանդեսային հրապարակում կկազմակերպվեն բռնցքամարտի մրցումները, իսկ եզրափակիչ մենամարտերը նախատեսված են «Ռոլան Գարոս» մարզադաշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան