Ախալքալաքի կարտոֆիլի ցողունները չորանում են
Ախալքալաքի մունիցիպալիտետում, այս տարի, շատ ֆերմերներ արդեն նկատել են, որ դաշտերում կարտոֆիլի ցողունները չորանում են։ Մասնագետներն ասում են, որ ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով դաշտերում տարածվել է սնկային ֆիտոֆտորա հիվանդությունը, սակայն ավելացնում են, որ ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է լաբորատորիա։
Jnews-ի հաղորդմամբ, այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գարնան ու ամռան անձրևոտ եղանակները, ըստ մասնագետների, հանգեցրեցին կարտոֆիլի մոտ զանգվածային սնկային ֆիտոֆտորա հիվանդության առաջացմանը։ Ջերմաստիճանի կտրուկ անկումը հանգեցրեց բույսերի սնկային հիվանդության զարգացմանը։ Ֆերմերների կարծիքով, նպաստել է նաև այն, որ հողը հոգնել է տարբեր ու մշտական քիմիական նյութերից, պարարտանյութերից, ու հիվանդությունների նկատմամբ ավելի զգայուն է դառել։
Կարտոֆիլի ֆիտոֆտորա հիվանդությունը վերջին տարիներին հաճախակի է լինում, այն նկատվել է նաև անցյալ տարի, սակայն այս տարի հիվանդությունը սրվել և ավելի է տարածվել։ Ֆիտոֆտորիայի բուժումը հնարավոր է, բայց կախված է ֆերմերների ֆինանսական հնարավորություններից:
Գյուղատնտես, ֆերմեր Եղիշ Աղաջանյանն ասել է, որ գյուղատնտեսական տարին սկսվել է խոնավությամբ և անձրևով, ջերմաստիճանի տատանումներով, ինչն էլ առաջացրել է ֆիտոֆտորիայի զարգացում։
«Ֆիտոֆտորան սունկ է, դեղերը ոմանց օգնում են, ոմանց՝ ոչ, հողը պետք է ճիշտ մշակել: Դեղերը 100 տոկոսանոց երաշխիք չեն, ես 3 անգամ դեղեր եմ սրսկել, բայց հիվանդությունը էլի կա։ Մեզ լաբորատորիա է պետք, առանց լաբորատորիայի հնարավոր չէ ճշգրիտ ախտորոշել։ Բուժում ենք մոտավորապես, գիտենք, որ ֆիտոֆտորան առաջանում է ավելորդ խոնավությունից, բայց կա ալտերնարիոզ՝ ռիզոկտոնիոզ, որը նույնպես խոնավությունից է զարգանում։ Որոշները սկսում են փչանալ տերևներից, որոշները՝ արմատից, պատահական դեղամիջոցներ ենք օգտագործում, կարդում ենք հրահանգները և օգտագործում, ճշգրիտ որոշման համար լաբորատորիա է պետք»,- ասել է Եղիշե Աղաջանյանը։
Ֆիտոֆտորան առավել տարածված, վտանգավոր հիվանդություն է: Այն բնութագրվում է սրընթաց ընթացքով, արագ տարածմամբ, վարակված բույսերի մահացության բարձր տոկոսով։
Վարակման պատճառը սնկային միկրոօրգանիզմներն են, որոնց սպորները բարենպաստ պայմաններում արագ տարածվում են տեղանքով մեկ։ Սնկերի վտանգը նրա բարձր կենսունակության մեջ է։ Սպորներն ամենուր են ամառանոցում, հողի, շենքերի, այգեգործական մշակաբույսերի վրա: Նրանք կարող են քնած մնալ մի քանի տարի: