Արցախում սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել
Ստեղծված իրավիճակում առաջացած վառելիքի խնդիրը լիովին խափանում է արցախցիների սոցիալական վիճակի մեղմմանն ուղղված ծրագրերը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։
«Առաջին հերթին կցանկանայի առանձնացնել միայնակ տարեցների` տնային պայմաններում խնամքի հարցը։ Մեր աշխատողները տնային այցելությունների շնորհիվ այդ խոցելի խմբին ցուցաբերում էին աջակցություն, սակայն այս պահին խնդիրը խորանում է վառելիքի խիստ սղության պատճառով։ Մենք հնարավորություն ենք ունենում սպասարկել միայն ծայրահեղ դեպքերում և ամենախիստ պահանջների դեպքում»,-նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ նույն խնդիրը ծագում է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում։
«Ունենք անկողնային հիվանդներ, որոնց փորձաքննությունը կատարվում է տնային պայմաններում, և այդ աշխատանքները շատ են բարդանում վառելիք չունենալու պատճառով»,-հավելել է Վ. Առաքելյանը։
Նախարարն անդրադարձել է նաև շուրջ 800 հաշմանդամների` Հայաստանի Հանրապետության առողջարանային հիմնարկաներ ամենամյա ուղեգրումների խնդրին` ընդգծելով, որ շրջափակման պայմաններում սոցիալական այդ խմբի համար կենսական նշանակության ծրագիրը ևս անհնար է դարձել։
«Այս տարի շրջափակման պատճառով մենք չենք իրականացրել այդ ծրագիրը, որում ընդգրկված էին նաև երեխաներ, որոնք ուղեգրվում էին հատուկ մասնագիտացված առողջարաններ։ Ծրագիրը հիմնականում իրականացվում էր ամռան և աշնան ամիսներին։ Նշեմ, որ, Արցախի Հանրապետության տարածքում նման հաստատություններ չունենալով, լուրջ խնդիրներ են առաջանում, և, ըստ էության, այդ մարդիկ չեն կարողանում ստանալ լիարժեք վերականգնողական առողջարանային բուժում, ինչը բերում է նրանց առողջական վիճակի կտրուկ վատթարացման»,-եզրափակել է Վ. Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Արցախի ՄԻՊ
- Արցախի ենթակառուցվածքները՝ թշնամու թիրախում
- Քաղաքացիները 100 պարկ ալյուր են տեղափոխում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով այն հասցնել Արցախ
- Արցախում ինտերնետի անջատման դեպքում կապը կապահովի Zangi-ն
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն. Ռուբեն Վարդանյան
- Քերոբյանը չուզեց պատասխանել Արցախի սննդի պաշարների մասին հարցին
- Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան