Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
Երևանի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում ընթացող «Հաջակցություն Արցախի» բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ Քարվաճառի բնակիչ, մշակութային գործիչ Կոլյա Շահգելդյանը։ Նա իր խոսքը, կոչն ու պահանջ գրի էր առել թղթի վրա, որն ընթերցեց․
«Իմ անուն-ազգանունը Ձեզ ոչինչ չի ասելու, բայց բոլոր նրանք, ովքեր ինձ հետ ապրել են Քարվաճառում, տեղյակ են իմ հայացքներից։ Ես գրեթե միշտ Արայիկ Հարությունյանի կողմից կազմակերպած քաղաքական ցանկացած գործունեության աջակիցն ու մասնակիցը չեմ եղել։ Ինչո՞ւ եմ սա նշում։ Այստեղ շատ ու շատ մարդիկ կան ինձ պես կնգնած, որոնց անունը չպետք է կապել Արցախի նախագահի հետ։ Սա մի հավաք է, որը համախմբել է բոլորիս առանձնահատուկ գաղափարով ՝ Արցախի շրջափակման հարցով։ Ես 20 տարի եմ ապրել Քարվաճառում, որից 13 տարին ծառայել եմ, քանի որ հավատքի պես ընդունել եմ՝ Արցախը պետք է հայկական մնա։ Բոլոր այն տղերքը, որոնք կանգնած էին սահմանին նույնպես այդպես էին մտածում։ Այդպես էին մտածում նաև այն տղերքը, որոնք պատերազմի առաջին օրից եկան ու միացան․․․»։
Շարունակելով խոսքը, արցախցին նշեց, որ այսօր նրանցից շատերը զոհվել են՝ հանուն Արցախի ու Արցախում ապրող երեխաների։
«Այն ինչ մենք հերոսական ենք համարում, իրենց ընտանիքների համար դարձել է դժբախտություն։ Բոլորս մեր պարտքն ենք համարում խմել սահմանին կանգնած տղերքի կենացը։ Ուզում եմ հարց տալ․ Ինչպե՞ս եք կարողանում խմել նրանց կենացը, հարգանքի տուրք մատուցել, բայց րոպեներ հետո ասել՝ «ամեն ինչ որոշված էր մեր փոխարեն, այդպես էլ պետք է լիներ․․․»։
Ուզում եք ասել՝ իմ ընկերները զոհվել են հանուն սուտ գաղափարի՞, ուզում եք ասել, որ իմ ընկերների հավատքն առ այն, որ միայն կռվելով կարող ենք մեր երկիրը պահել, սխա՞լ էր, ուզում եք ասել՝ Եռաբլուրի տղերքի պահանջը կարող ենք մերժե՞լ․․․։
Հազարավոր տղերք իրենց կյանքը զոհեցին, որ Արցախում ապրող մանուկները խաղաղ ու երջանիկ ապրեն։ Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում, անգամ՝ մահանում սովից։ Մի՞թե ճանապարհը բացելու իմ պահանջն ավելի շատ քաղաքական բնույթ կարող է ունենալ, քան՝ մարդկային․․․»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին