Ստեղծվել է աստղագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների վերաբերյալ տվյալների շտեմարան
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ստեղծել են Բյուրականի աստղադիտարանի համահիմնադիր, աստղագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների վերաբերյալ առկա տվյալների շտեմարան։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ Բենիամին Մարգարյանը կատարել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, նա մաս-մաս նկարահանել է ամբողջ երկինքը։ Դա տևել է տասնհինգ տարի։ Արդյունքում հնարավոր է եղել նկատել մեծ թվով գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ։ Դրանք ստացել են «Մարգարյանի գալակտիկաներ» անվանումը։
Շտեմարանում տեղադրված են ակադեմիկոս Մարգարյանի ցուցակները, բաշխումը երկնքում, գրականությունը, յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն, երկնքի թվայնացված շրջահայության (DSS1/DSS2) քարտեզները, թվայնացված բյուրականյան առաջին շրջահայության (DFBS) տվյալները և քարտեզները, ՆԱՍԱ-ի արտագալակտիկական տվյալների շտեմարանի (NED) տեղեկատվությունը, Սլոանի երկնքի թվային շրջահայության (SDSS) ուղղակի պատկերները, սպեկտրները։
««Մարգարյանի գալակտիկաները» խիստ կարևոր դեր ունեն աստղագիտության և աստղաֆիզիկայի ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, արտագալակտիկական աստղագիտության, ակտիվ գալակտիկաների, գալակտիկաների էվոլյուցիայի, գալակտիկաներում աստղառաջացման գործընթացների, գալակտիկաների փոխազդեցությունների տեսանկյունից։ «Մարգարյանի գալակտիկաներն» արտագալակտիկական աստղագիտության մեջ թերևս ամենակարևոր օբյեկտներից են, և դրանց մանրակրկիտ ուսումնասիրությամբ են զբաղված բազմաթիվ աստղագետներ։ Այս օբյեկտների լիակատար տվյալների շտեմարան չի եղել, ինչը դժվարեցնում էր «Մարգարյանի գալակտիկաներ»-ի համապարփակ ուսումնասիրությունները։ Այժմ մեր խմբի կողմից ստեղծված «Մարգարյանի գալակտիկաներ»-ի համասեռ, բազմալիքային, բոլոր հնարավոր տվյալները պարունակող շտեմարանն օգտակար կլինի վիճակագրական ուսումնասիրությունների համար։ Այս աշխատանքը կնպաստի շատ այլ գիտական աշխատանքների իրականացմանը», - ասել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը։
Ըստ նրա՝ արդեն որոշ աստղագետներ հետաքրքրվել են կատարված աշխատանքով։ Մասնավորապես, ֆրանսիացի աստղագետ պրոֆեսոր Միշել Դենեֆելդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուսումնասիրություններ կատարել «Մարգարյանի գալակտիկաներ»-ի ենթակարմիր հատկությունների տիրույթում։
«Մեր խմբի կազմի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են՝ Հայկ Աբրահամյան, Գուրգեն Պարոնյան, Գոռ Միքայելյան, Անդրանիկ Սուքիասյան, Լիանա Համբարձումյան և Վարդուհի Մկրտչյան»,- ասել է Արեգ Միքայելյանը։
Շտեմարանը ստեղծվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի տրամադրած «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով» առաջատար հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին