Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը։
«ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ»,- հայտնում են Հհ Ազգային ժողովից:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը ասել էր, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է ուսումնասիրեն երկրի Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ կապված ռիսկերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
- Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ