Ոստիկանների գործողությունների հետևանքով 1 մլն 300 հազար դրամից ավելի վնաս է պատճառվել պետությամը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ն նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին դրդել է իր ծառայողական լիազորություններն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի, որի հետևանքով 1 մլն 300 հազար ՀՀ դրամից ավելի վնաս է պատճառվել պետության և կազմակերպության օրինական շահերին:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ, մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 16-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել և նույն օրը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի «Հատուկ տարածք» է տեղափոխվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հետախուզվող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն առանց օրինական հիմքերի հիշյալ ավտոմեքենան
սեփականատիրոջը վերադարձնելու խնդրանքով դիմել է իր մտերիմ՝ վերը նշված գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ին: Վերջինս, չմերժելով Գ. Հ.-ի խնդրանքը, 2023 թվականի մարտի 20-ին դիմել է իր գործընկերոջը՝ նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին՝ համոզելու եղանակով վերջինիս դրդելով հանցանք կատարել, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց արգելանքի տակ դնելու պատճառները վերացնելու վերաբերյալ ապացույցների, հիշյալ տրանսպորտային միջոցը վերադարձնել սեփականատիրոջը:
Արդյունքում Ա. Հ.-ն պարեկ Օ. Ս.-ի և Գ. Հ.-ի դրդմամբ իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ թույլատրել է ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ այն դուրս բերել «Հատուկ տարածք»-ից և շարունակել երթևեկությունը:
Ա. Հ.-ի գործողությունների հետևանքով պետությանն ու կազմակերպությանը պատճառվել է էական վնաս՝ պարտապանից չի բռնագանձվել խոշոր չափերի՝ 1 մլն 300 հազար դրամից ավելի գույքային վնասը: Արդյունքում՝ առանց օրինական հիմքերի սեփականատիրոջը վերադարձվել է հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:
2023 թ. հուլիսի 21-ին պարեկ Օ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 1-ին մասով, հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Հ.-ին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա