«Հանուն մեզ ո՛ւժ գտեք ձեր մեջ, որովհետև մենք ապրում ենք` օգտագործելով մեր վերջին ուժերը». Աստղիկ Քեշիշյանը՝ Արցախից. infocom.am
infocom.am-ը գրում է.
«222. ահա այսքան օր է, ինչ մենք ապրում ենք մի այնպիսի կյանք, որը կարող էր գրքի սյուժե լինել, ֆիլմի սցենար լինել, բայց չպետք է լիներ իրականություն։
Մի քանի օր է` գյուղից տեղափոխվել եմ Ստեփանակերտ։ Որովհետև խեղդվում էի, որովհետև օդն արդեն վաղուց չի հերիքում։ Որովհետև հիմա մի փոքր զգում եմ, թե ինչ են զգում անմեղ մարդիկ, որոնց ազատազրկման են դատապարտել, կամ ինչ են զգում մեր գերիները, որոնք մի ամբողջ պետության կողմից մոռացության են մատնված։
Այստեղ ապրում եմ մի հյուրանոցում, որ կառավարությունն է հատկացրել Արցախում մնացած և տուն վերադառնալ ցանկացող հայաստանցիներին։ Մի ծեր տղամարդ, որ եկել էր Արցախի պետական համալսարանում դասախոսություն կարդալու և էլ չի կարողացել վերադառնալ։ Երկու երեխայի մայր մի կին, որ սրտի բարդ վիրահատության պետք է ենթարկվեր, բայց վիրահատության նշանակված օրից մոտ մեկ ամիս արդեն անցել է։ Երիտասարդ բժիշկ ամուսիններ, որոնք հունիսի 15-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն ճանապարհ էին ընկել դեպի տուն, սակայն ադրբեջանական սադրանքի պատճառով ստիպված հետ էին եկել։ Շինարարներ, որ տներ են կառուցել Արցախում ու կարոտել են իրենց տները։ Այս բոլոր մարդիկ, որ ոչ մի կապ չունեն իրար հետ, կապված են Արցախով, հայ լինելով, ապրելու ցանկությամբ ու մահացող հույսերով։
Ընկերներ և անծանոթ մարդիկ, ես հասկանում եմ, որ չեք հավատում, թե ցույցերի մասնակցելը որևէ օգուտ կտա Արցախին։ Ես ինքս էլ չեմ հավատում դրան։ Բայց երբ դուք դա անում եք, մենք զգում ենք, որ մեր կյանքը, բացի մեզնից, այլոց համար էլ է կարևոր։ Մենք զգում ենք, որ եթե լքված ենք մեր կառավարության կողմից, ապա գոնե մեր հայրենակիցների կողմից լքված չենք։ Գնացեք այդ հավաքներին հենց թեկուզ միայն սրա համար։
Եվ խնդրում եմ, սոցցանցերում հրապարակումներ մի՛ արեք միայն այլ թեմաներով, որովհետև այս թեման ցավեցնում է ձեզ։ Խոսե՛ք մեր մասին։ Մի կո՛ղմ դրեք բոլոր տարակարծությունները հանուն մեզ։ Հանուն մեզ ո՛ւժ գտեք ձեր մեջ, որովհետև մենք ապրում ենք` օգտագործելով մեր վերջին ուժերը։ Հիմա-ն է պահը ինչ-որ բան անելու։ Մեր պատմությունը լի է իրավիճակներով, թե ինչ է լինում հետո։ Կանխե՛ք դա։ Ստիպե՛ք, որ կանխեն դա։
Աստղիկ Քեշիշյան
Արցախում «Ինֆոքոմի» թղթակիցը, որը տեղափոխվել էր Արցախ դասավանդելու նպատակով, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով վերադառնալ չի կարողանում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հերոս նահատակների պատգամի.Մետաքսե Հակոբյան
- Արցախում շրջափակման պատճառով շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ
- «Արցախ», «բացեք կյանքի ճանապահը». քայլերթ՝ Երևանի փողոցներում
- Երկուշաբթի օրը, ժամը 8։30-ից կփակվեն փողոցներ՝ հաջակցություն Արցախի
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
- Արցախ... Գոյության պայքար
- Բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն միտված ՀՀ հետագա գործողությունները կանխելուն. Բեգլարյան
- Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Շրջափակված Արցախ. «Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ դեռ չծնված»
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- ԿԵՑՑԵՔ, ԱՐՑԱԽՑԻ ՏԻԿՆԱՅՔ՝ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ՔՈՒՅՐԵՐ
- Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ
- Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am