Արևմուտքը համախմբվածություն և միասնականություն է ցուցաբերում Ուկրաինայի պարագայում է, իսկ Արցախի պարագայում` ոչ. ՄԻՊ
«Որևէ կասկած չկա, որ աշխարհը երկակի ստանդարտներով է ապրում»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հարցազրույցի ընթացքում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Մեր օրինակը ամենավառն է, որը ցույց է տալիս, որ նույն հավաքական Արևմուտքը համախմբվածություն և միասնականություն է ցուցաբերում Ուկրաինայի պարագայում է, իսկ Արցախի պարագայում` ոչ: Մենք, իհարկե, տարբերություն տեսնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և հիմա այդ հայտարարությունների հասցեականության միջև` այն առումով, որ հիմա, գոնե, այդ հայտարարությունները հնչում են հասցեական: Իսկ վերջին օրերին` համաժողովրդական շարժման մեկնարկից հետո, բավականին ակտիվ արձագանքներ տարբեր տեղերից ստանում ենք այդ առիթով, բայց նորից եմ ուզում նշել, որ պետք է կոտրել այդ երկակի ստանդարտների մոտեցումը: Ադրբեջանական նավթն ու գազը չեն կարող և չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ»,-նշել Գ. Ստեփանյանը:
ԱՀ ՄԻՊ-ը ընդգծել է, որ իրենց զեկույցներում նշված են ստույգ թվեր, վիճակագական տվյալներ, և ցանկացած իրավունքի բաժնում, երբ ներկայացվում են վիճակագրական տվյալներ, նույն տեղում նաև մարդկային պատմություններ են:
«Մարդկային պատմություններում ավելի պատկերավոր կերպով ներկայացված է, թե մարդն առօրյայում ինչպիսի ապրումներ է ունենում, ինչպիսի զգացողություններ, ինչպիսի տառապանքներ: Այդ մարդկային պատմությունները պարբերաբար թարմացվում են, և մենք այս օրերին աշխատում ենք մեր նոր զեկույցի հրապարակման ուղղությամբ, որտեղ նոր պատմություններ կլինեն: Առհասարակ, տպավորելը, էմոցիաների տարափը, երբ դա դառնում քեզ համար ամենօրյա աշխատանք, ինչ-որ առումով նաև բթացնում է, բայց հենց դա էլ մեր առաքելությունը, որ կարողանանք պահպանել մարդկային այդ ապրումակցման կարողությունը, և ցանկացած պարագայում ոչ միայն արձանագրենք, այլ նաև ձեռնարկենք ՄԻՊ հաստատության լիազորությունների մեջ մտնող բոլոր գործողությունները տվյալ քաղաքացիներին աջակցելու համար:
Պատմությունները շատ են, ամենօրյա ռեժիմով մեզ են դիմում հարյուրավոր արցախցիներ, յուրաքանչյուրն` իր խնդիրներով: Եվ հատկապես այս ճգնաժամային, աղետալի իրավիճակում առավել մեծ ուշադրություն է դարձվում բազմազավակ ընտանիքներում, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հացի խնդիրը հոգալուն: Յուրաքանչյուր պատմություն իր ողբերգությունն ունի, որը ոչ միայն պետք է ուղղակի արձանագրել` աշխարհին ներկայացնելու համար, այլև` ձեռնարկել գործողություններ տվյալ ընտանիքներին աջակցելու համար:
Ընդ որում` ներկայացվող խնդիրների առաջին հասցեատերերը պետական գերատեսչություններն են, բայց մեր գրասենյակում այդ փիլիսոփայությամբ չենք առաջնորդվում: Եթե կարող ենք տեղում մեր ունեցածով աջակցել, չենք հապաղում»,-ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նաև ասել է. «Մենք շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների և հայտարարությունների միայն, բայց ոչ գործնական քայլերի:
Աշխարհում որևէ երկրի օմբուդսմենի հասատությունը այդ աստիճան և այդպիսի խորությամբ փաստահավաք աշխատանքներ չի իրականացնում իր մանդատի շրջանակներում` իր ժողովրդի իրավունքների խախտումների մասին արձանագրող և բարձրաձայնող: Բոլոր զեկույցներն ուղիղ դրվում են միջազգային տարբեր դերակատարների սեղաններին. մենք չենք բավարարվում միայն մի խողովակով նրանց հասցնելով, այսինքն` ոչ միայն հրապարակում ենք դրանք, այլ նաև` առանձին էլեկտրոնային հասցեներով ուղարկում ենք հազարավոր մարդկանց, խնդրում մեր ներկայացուցչություններին և Հայաստանի Հանրապետության դիվանագետներին տարբեր երկրներում ուղիղ տպագիր տարբերակով այդ զեկույցները, հայտարարությունները տարածել միջազգային կազմակերպություններում և տարբեր պետությունների արտաքին քաղաքական գերատեսչություններում:
Ինչո՞ւ է, սակայն, այս վիճակը: Ես առիթ ունեցել եմ խոսելու դրա մասին և Ազգային ժողովում կայացած տարեկան հաղորդման շրջանակներում ունեցած ելույթիս ընթացքում նշել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը մղվել է երկրորդ պլան: Տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերից ելնելով` պետությունները շատ հաճախ վճռականություն չեն ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելու համար: Ես միայն սա եմ տեսնում: Այսինքն` իրազեկման, ահազանգման այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել և այսօր էլ շարունակում են իրականացվել ոչ միայն մեր, այլ նաև սփյուռքյան մեր կառույցների, Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից, տարբեր անհատների կողմից, ավելի քան բավարար են համարժեք պատասխան տալու և արձագանքելու համար: Բայց, ցավոք սրտի, մենք շարունակում ենք ականատես լինել մտահոգությունների և հայտարարությունների միայն, և ոչ գործնական քայլերի:
Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք չպետք է հուսալքվենք, այլ, պետք է նաև դատապարտենք միջազգային հանրության այդ վարքագիծը` պահանջելով, որ մտահոգություններից արդեն մեկ քայլ առաջ անցնեն` կատարեն գործնական քայլեր, այդ թվում` Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների կիրառում: Կարծում եմ, որ մեր համառության, վճռականության և հուսալի աշխատանքի շնորհիվ մի օր նաև այդ արդյունքը կարող ենք գրանցել»
Հարակից հրապարակումներ`
- Եթե շարունակում ենք հանդուրժել, ինչու արտաքին դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը արցախցիների հանդեպ
- Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական. Արցախցի լրագրողների կոչը
- Արցախում մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով մարդկային կորուստների. ՀՀ ՄԻՊ
- «Վիտամին Դ» չկա Արցախում, այդ պատճառով՝ 8 ամսական երեխային արևի տակ ենք հանում, որպեսզի վիտամին կլանի.Գորիսից անհանգստանում է ստեփանակերտցի հայրը
- Շրջափակված Արցախ. մանկական հիվանդանոցը՝ ճգնաժամի շեմին
- Հայաստանի ուսուցիչները կանգնած են Արցախի 120 հազար հայության կողքի
- Մենք Արցախից ենք, ապրել ենք Արցախում և կապրենք այնտեղ.Բլոկադայի պատճառով Գորիսում ապաստանած Հովիկ Առաքելյան
- Շրջափակված Արցախում հիգիենայի պարագաների սուր պակաս կա
- Արցախից 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան
- Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
- Արցախի լիակատար շրջափակումը բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա. ԿԳՄՍ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան