Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնումեղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը
Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:
Ի շարունակություն ԱԳ նախարարների մակարդակով նույն օրը կայացած քննարկման, Արարատ Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնում ևս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կովկասը չպետք է դառնա պլատֆորմ ՝ արտասահմանյան երկրների մրցակցության համար․ ԻԻՀ ԱԳ նախարար
- Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը․ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան