Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց ծառայողական քննություն կիրականացվի․ Ավինյան
Մայրաքաղաքի աղբահանության վիճակն արդեն իսկ ծայրահեղ չէ։ Այսօր գործակարգավարական նիստում նման հայտարարություն արեց Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը։
«24/7 ռեժիմով կատարվում են աշխատանքներ մեկ վայրկյան շուտ լավագույն արդունքների հասնելու համար»,- նշեց նա՝ հավելելով, թե 495 սանմաքրման աշխատակիցներ շաբաթական 6-օրյա գրաֆիկով իրականացրել են Երևանի բակերի և փողոցների մաքրություն, 24/7 ռեժիմով աղբահանություն է կատարել 31 աղբատար մեքենա, փողոցներն էլ լվացվել են 22 ջրցան մեքենաներով։
Նա նաև ասաց, որ աղբահանություն իրականացնելու ժամանակ աղբամաններում հայտնաբերվել է թափված շինաղբ, ինչն, ըստ նրա, իր հերթին ևս դժվարացրել է աղբահանության աշխատանքները։
Նշենք, որ մինչ այս տվյալները ներկայացնելը Բագրատ Աղաջանյանը շնորհակալական խոսքեր շռայլեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին, Կամո Արեյանին և վարչական շրջանների ղեկավարներին` մայրաքաղաքում աղբահանության խնդիրներին աջակցելու համար։
«Կարծում եմ՝ ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մեղմվել է, բայց մենք պետք է կենտրոնանանք հիմնարար լուծման վրա, քանի որ հիմա ժամանակավորապես ենք վերադառնում նորմալ ցիկլի։ Ակնկալում եմ, որ հետագայում կզեկուցվի, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նա քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին հանձնարարեց քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման խնդիրների առաջ չկանգնեն։
«Ամռանը աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ վարչական շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը. Կամո Արեյան
- Ահազանգ. Երևանի աղբահանության համակարգը կտրուկ քայլերով մոտենում է անկառավարելի վիճակի