Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսում։
«Լիազորություններից զրկելու գործընթացը տեղի է ունեցել ապօրինի։ Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից։ Ես ունեցել եմ անաշխատունակության թերթիկ, նախապես գրավոր տեղեկացրել եմ ԱԺ նախագահին ու պաշտոնակատարին՝ ակնկալելով, որ ինձ վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի, մինչև կկարողանամ ներկայանալ աշխատանքի։ Ինձ չեն լսել, քննարկել են հարցը, քվեարկել, ինձ զրկել լիազորություններից, ինչի համար դիմել եմ դատարան»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ անխուսափելիորեն իր լիազորությունները կվերականգնվի դատարանի միջոցով, քանի որ պարզ է՝ իր լսված լինելու իրավունքը խախտվել է։
«Աշխարհում չի կարող լինել դատարան, նույնիսկ Փաշինյանի ազդեցության տակ գտնվող, որ չարձանագրի դա։ Եթե արձանագրեցին, հակառակ որոշում, կգնամ ընդհուպ մինչև Եվրադատարան, կհասնեմ ցանկալի արդյունքի, թույլ չեմ տա ինձ հետ տեղի ունենա ապօրինություն»,- ասաց Թ. Թովմասյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Թագուհի Թովմասյանին Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին որոշման նախագիծ։ Նրան պաշտոնից զրկելու օգտին քվեարկեց 62, դեմ՝ 1 պատգամավոր։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
Թ. Թովմասյանը ներկայացրեց նաև մայիսի 3-ից իր կողմից նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքները. «Այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն։ Այսքան մարդ իր հստակ ստորագրությամբ վավերացրել է իր դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս ստորագրություններն ուղարկելու եմ աշխարհում Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, միջազգային դերակատարներին՝ խնդրելու ուշադրություն դարձնել, որ կոնկրետ փաստարկված այսքան մարդ պահանջում են՝ Արցախը ճանաչվի հայկական, մերժում է Արցախի էթնիկ զտումը։ Սա նշանակում է, որ Փաշինյանն ինչ փաստաթուղթ բանակցի միջազգային ասպարեզում, չի ունենալու լեգիտիմություն, էլ չեմ ասում՝ Սահմանադրության մեջ արձանագված արգելքը, Գերագույն խորհրդի որոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի իշխանական թեկնածու չի առաջադրի
- «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման «ապօրինի քննարկումներին»
- «Պատիվ ունեմ». Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է
- Թովմասյան. Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել
- Նիկոլ Փաշինայնը և իր թիմը փորձում են պատերազմի սպառնալիքով կերակրել մեզ և անընդհատ վախեցնել. Թագուհի Թովմասյան
- Դատական համակարգի մտահոգիչ զարգացումների վերաբերյալ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին
- Lարվածությունը ԱԺ նախագահից սկսվեց. Թագուհի Թովմասյան