ՖԵՄԻՆՆՈ-ն կկայանա՝ նաև աջակցելու Արցախում ապրող կանանց, իսկ կոնֆերանսը տոնող համերգը չեղարկվում է
Հուլիսի 29-30-ին Երևանում նորից կկայանա կանանց և նորարարության շուրջ ՖԵՄԻՆՆՈ միջազգային կոնֆերանսը, որը միակն ու ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում։ Այս տարի էլ ՖԵՄԻՆՆՈ-ի կազմակերպիչները փորձել են ներդնել բոլոր ջանքերը՝ հաստատելու, որ գործունեության բոլոր ոլորտներում կայանք նույնպես բավարար ներուժ ունեն եւ նրանց մասնակցությունը նույնպես կարևոր է։
«Մենք երբեք չենք ձգտում հակադարձ խտրականության, պարզապես փորձում ենք ցույց տալ կանանց կողմից ստեղծված արդյունքները, խրախուսել ու առաջ մղել նրանց նպատակները, որից Հայաստանն ու մեր հանրությունը միայն կշահի»,- նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը, ում խոսքով իրենց գործունեությունը տարիներ շարունակ ապացուցում է, որ զորեղացման ու աջակցման նմանատիպ միջոցառումները բացառապես դրական ազդեցություն են գործում մասնակիցների եւ ընդհանուր միջավայրի վրա։
Կազմակերպիչները հայտնում են, որ միջազգային կոնֆերանսի շրջանակում որպես խոսնակ հանդես են գալու մասնագետներ համախարհային այնպիսի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից, ինչպիսիք են NVIDIA-ն, Rakuten Viber-ը, Align Technologies-ը ու ուրիշներ։ Խոսնակների բազմազան աշխարհագրությունը ներառում է երկրներ Ուրուգվայից մինչև Ղրղզստան, շատ են մասնակիցները հայկական Սփյուռքից (www.feminno.com).
ՖԵՄԻՆՆՈ-ի այս տարվա խորագիրն է՝ «Կայուն զարգացում․ շարժվելով դեպի Մետավերս», որի շրջանակում շատ են ելույթները հենց տեխնոլոգիական փոխակերպումների ու վիրտուալ աշխարհի շուրջ։ Պապոյանի խոսքով՝ կանայք իրենց կարեւոր դերն ունեն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացան մեջ, եւ այդ դերը խրախուսելով մենք կկարողանանք նոր արդյունքներ գրանցել տնտեսության բոլոր ոլորտներում։
«Մենք ինքներս նախանձում ենք այս տարի ձևավորված ծրագրին, ափսոսում ենք, որ որպես կազմակերպիչ ու պատասխանատու կողմ՝ ամբողջությամբ չենք վայելելու մեր իսկ կազմած բովանդակությունը»,- նշել է Պապոյանը՝ ավելացնելով, որ հիմնական բեմի ելույթներից բացի, լինելու են աշխատարաններ ու վարպետության դասեր, նաեւ առանձին բեմ միայն հայերենով, որտեղ նույնպես շատ հետաքրքիր քննարկումներ են ներառված՝ անձնային աճից մինչեւ կանանց քաղաքական մասնակցություն։ Լինելու են նաև հատուկ քննարկումներ ինֆլուենսերների հետ։
ՖԵՄԻՆՆՈ-ն էքսպո տարածքում կներկայացնի մի շարք կանանց բիզնես հաջողություններ, Հայաստանում ստեղծված արտադրանքներ ու ծառայություններ, ինչպես նաև աղջիկների՝ ֆուտբոլում, շախմատում, գիտության մեջ ունեցած նվաճումները։
Ասուլիսի ավարտին ՖԵՄԻՆՆՈ կոնֆերանսն ու ՀԱՅԱ փառատոնը փոխօգնության ու համագործակցության հուշագիր են ստորագրել, որպեսզի առաջիկայում ավելի սերտ կարողանան աջակցել միմյանց։
Հուլիսի 30-ին՝ կոնֆերանսի ավարտին, կհայտարարվեն այս տարի Սոնա մնացականյանի անվան կրթաթոշակին արժանացած աղջիկների անունները։ Կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2022թվականին` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին։ Կրթաթոշակը կրում է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի անունը՝ շարունակել համար նրա գործն ու աջակցելու նրան մտահոգող խնդիրների լուծմանը: Դրամահավաքը իրականացվում է reArmenia հարթակում հետեւյալ հղումով։
ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիրը նշեց նաև, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորած՝ որոշում են կայացրել նախապես չեղարկել ամփոփիչ AFTERPARTY համերգը, որին մասնակցելու էին Գոռ Սուջյանն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը։ Երաժիշտներն ընդունել են կազմակերպիչների որոշումը։
«Սա նվազագույնն է, որ կարող ենք անել՝ ի աջակցություն խիստ դժվար իրավիճակում հայտնված արցախցիների։ Մենք նաեւ այլ հատուկ ձեւեր ենք մշակել կոնֆերանսի ընթացքում Արցախի խնդրի շուրջ ուշադրություն հրավիրելու եւ միջազգային լսարանի առջեւ բարձրաձայնելու համար», - նշել է Սեդա Պապոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում