Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա ամբողջ բանակցային գործընթացի վրա․ Միրզոյան
«Օրակարգային բոլոր հարցերի շուրջ մեր խոսակցությունները բավականին ինտենսիվ են, որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում տեսանելի են որոշակի կոնկրետ հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են փոխադարձ համաձայնության գալ»,- այս մասին հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ասել է Արարատ Միրզոյանը։
«Իհարկե, մնում են խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից։ Մենք կառուցողական վերաբերմունք ունենք և բանակցում ենք բոլոր հարթակներում, բոլոր ոլորտներում։ Ցավոք սրտի, իրավիճակը տեղում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը։ Լեռնային Ղարաբաղում այժմ լուրջ հումանիտար ճգնաժամ է։ Ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետին։
Իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում, քանի որ Լեռնային Ղարաբաղ ոչ սննդամթերք է մատակարարվում, ոչ էլ՝ դեղորայք։ Դադարեցված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ցավոք սրտի, եթե մենք չկարողանանք լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ապա երկրի վրա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա ամբողջ բանակցային գործընթացի վրա»,- ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը. ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության
- Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնումեղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը